Վայոց ձորի մարզն իրավ ձորերի, խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու սրընթաց գետակների և խորհրդավոր քարանձավների երկիր է։ Այն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված մի թասաձև գոգավորություն` բարդ և խիստ մասնատված մակերևույթով։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850մ (Արենի) մինչև 3522մ (Վարդենիսի լեռ)։
Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735թ. ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Նշենք, որ Մոզ քաղաքը կործանվել է հրաբխի ժայթքումից և երկրաշարժից։
Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի, (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չեն շահագործվել։
Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսարանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ –ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` (մուֆլոնը), վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր`հայկական իժ, գյուրզա։
Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։
Ձեզ ենք ներկայացնում օգոստոսի 5-ին, Արատես դպրական կենտրոնի վրանային ճամբարի մոտակայքում զբոսնող վայրի վարազների բացառիկ տեսանյութը: