Մարդը ձեր ափի մեջ է․․․ Զգույշ լերուք․․․

Դավիթ Բլեյանը հասարակության մեջ հեշտությամբ հայտնվում է ուշադրության կենտրոնում, ինչպես այս անգամ, Արատեսի դպրական կենտրոն կրթահամալիրի և Վայոց ձորի երիտասարդական կենտրոնի նախագծային խմբի համատեղ ճամբարի երեք օրերին․․․ Ե՛վ ողջ ճանապարհին՝ ծանոթ սեբաստացիների հետ, և՛ Աղավնաձորում՝ Արտաշ Գալստյանի հայրական տանը, որտեղ առաջին անգամ էր, և՛ Արատեսում՝ ծանոթ-անծանոթ տարատարիք մեծաքանակ ճամբարում քայլելիս-լողալիս, և՛ Եղեգնաձորում՝ Դավիթ Մարգարյանի տանը, որտեղ էլ առաջին անգամ էր, և՛ Չանախչի Զանգակատանը՝ դպրոցում, թե Պարույր Սևակի տուն-թանգարանում, ցուցասրահում, այգում, թե ֆոնդերի սենյակում՝ նախկին ու ներկա տնօրենների հոգատար-ուշադիր հայացքների ներքո, վերջում էլ, տան ճանապարհին՝ Ստեփան հորեղբոր տանը՝ երկար բացակայությունից հետո, իր պատվերով կարծես, իր սիրած տոլմայի (այնքա՜ն սիրով-շնորհքով, Էդիտ Հովհաննիսյանի մրցակցությամբ Անահիտ հարսի մատուցած) սեղանի շուրջ․․․

Դժվա՞ր է Դավթի համար հանրաճանաչ հոր տղա լինելը, հոր ներկայությամբ, թե բացակայությամբ․․․ Սրան նա պատրաստված է (հրավեր պետք չէ, ավելին՝ չես արգելի, ո՞նց արգելես, բռնություն չես գործադրի), ինքը նախաձեռնությունը վերցնում է, դառնում իրավիճակի տերը, երբ բոլորին էլ հետաքրքիր է Բլեյանի մակավարժության այս արդյունք-կրողը, Բլեյանի ժառանգ-ազգանուն շարունակողը, անմրցակից մոտակա հեռանկարում, ինչպիսին է, արևի տակ, ափի մեջ․․․ Որքան էլ ամոթի կտորներ՝ նրա գործողությունների-խոսքի համար, դեռ կա, կրում ենք, որքան էլ  զգուշացնում ենք, որ հանկարծ չվնասի-չվիրավորի խոսքով-գործողությամբ, Դավիթը մեծ մարդ է՝ բաց թողնված ձեր մեջ, ձեր ծուռ Դավիթը, ինչպես ինքն է ասում՝ «բոլորին սիրելի հայկական հեքիաթից»․․․

Մարդ որ իրեն չխայտառակի, ուրիշ ոչ ոք դա անել չի կարող․ հորս խոսքերն են, չեն ջնջվում… Անծանոթ մարդկանց Դավթի հետ կարծես հետաքրքիր է, պատմում են-փոխանցում․․․ Ինձ էլ հետաքրքիր է հաստատ, երիտասարդների-պատանիների հետ նոր հավես-իմաստ-պատվեր եմ ստանում լռեու-լսելու-դիտարկելու ցանկություն․․․ ինչպես Արատեսի դպրական կենտրոնում այս եռօրյայում, նրա ճամբարի պատրաստության շրջանում, Եղեգնաձորում՝ Վայոց ձորի երիտասարդական կենտրոնում, տարիներ գործող, մեծ խումբ երիտասարդների վստահությունը վայելող Հասմիկ Մարգարյանի ղեկավարությամբ, թե Երևանում՝ Արատեսի դպրական կենտրոն բլոգի համակարգող Սմբատ Պետրոսյանի ու սեբաստացիերի ճամբարային խմբում․․․ Շնորհակալ եմ, ճամբարի, ճամփի ընկերներ, դուք ինձ կարևոր թեթևություն փոխանցեցիք, կարևոր ուշադրություն․․․

Արատեսը, որպես Ոսկի ծաղիկ-Կզլգյուղ, եղել է ու կա այսօր․․․ Թավշյա կանաչի մեջ անտառի, ողջ տարածքով՝ մաքուր-անաղբ, զուլալ ջրով գետի, նրա առվակ-աղբյուրների. կռացիր ու խմիր․․․ Հատուկ օրագիրը երկու օր բաց թողեցի, թող ճամբարականները պատմեն խոսքով-լուսանկարով, իրենք իրենց ու իրենց հայտնաբերած գեղեցկուհու մասին․․․ Իմ ուղեկցությամբ մենք արշավախմբի ճիշտ ընտրված կայանից ինձ հայտնի կածանով իջանք արջերի իմ քարանձավ, հետո խորամանկեցի, ուզեցի, որ կիրճին Արատեսի նայեն նաև ներքևից, գետի ջրի միջից, ու քայլելով ժամեր՝ անցանք կիրճով, ջրվեժներով, աջ ու ձախ ափերով, մինչև կամուրջ․․․ Ոտից գլուխ ջուր, լողացած․․․ ճամբարում չորացանք…

Իսկ դարձի ճամփին, դադարներով-հարթակներով, Արատեսը շրջանցող մեր կառուցած ճանապարհով մինչև Հերմոն, որ ափի մեջ հայտնված գեղեցկուհուն տարբեր դիրքերից դիտարկենք, ամբողջական դառնա տպավորությունը․․․ Ստացվեց։

Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հետ կաբինետային զրույցում ժամանոց, մարզպետարանի բաժնի պետ Արամ Գրիգորյանի հետ զրույցում, ԱԺ պատգամավոր, մարզում հայտնի, Եղեգիսի կիրճում սիրված Սերգեյ Բագրատյանի հետ կարճատև անակնկալ հանդիպման, թե Շատինի գլխին 1990-ի գյուղապետ Մարատ Սմբատյանի հետ թռուցիկ հանդիպման ժամանակ, Եղեգնաձորում, Եղեգիսի կիրճում, Չիվայում, Աղավնաձորում, ամենուր մարդկանց բարյացակամությունը, հետաքրքրվածություն-պատրաստակամությունը դպրական կենտրոնին աջակցելու, անկեղծ են։ Ոչինչ, որ այս անգամվա ճամբար-հավաքում Մալիշկա-Եղեգնաձորի պատանիներն են, մյուսը չի ուշանա, ընթացքի մեջ է պատրաստությունը, կա նաև Արատեսի դպրական կետրոնի երևանյան հարթակը՝ կրթահամալիրը․․․ Բոլորին մատչելի կլինի Արատեսի դպրոցը բնության գրկում։

Շնորհակալ եմ Եղեգիսի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Օհանյանին, Հերմոնի  գյուղապետ Գային, համայնքի աշխատակազմի մշակույթի-կրթության պատասխանատու Արսենին, որ երեք օր ճամբարի հետ եղան և՛ երիտասարդական ավյունով, և՛  անկեղծ նվիրումով դպրական կենտրոնի այսօրվա զարգացումներին։

Կարևորը՝ որ Արատես դպրական կենտրոնի աշխատանքները շարունակական-ծավալվող լինեն․․․  Շարունակականությունը կապահովեն սեբաստացի աշխատողների-պատանիների աշխատանքային ջոկատը, շինարարական բրիգադը, որոնք այս շաբաթ կսկսեն դպրական կենտրոնի պատրաստությունը սեպտեմբերյան անընդհատ ճամբարային հավաքներին բազմաբնույթ… Հետևեք Արատեսի դպրական կենտրոնի բլոգին։

Նյութը՝ Աշոտ Բլեյանի բլոգի օրագրից

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s