Այսօր ևս մեկ աշխատանքային փոքր խումբ մեկ օրով եղավ Արատեսում: Խմբի անդամները Սմբատ Պետրոսյանը, Սլավիկ Մուրադյանը, Կարինե Մացակյանը և Գագիկ Չարչյանն էին: Այցելության նպատակը անցած երեք օրերին կատարված աշխատանքի քննարկումը, առաջիկա օրերի կատարվելիք աշխատանքի քննարկումը, ինչպես նաև որոշ հարցերի շուրջ վերջնական որոշման գալն էր: Արված աշխատանքը գոհացնող էր: Խարխուլ երեք շինություն ևս քանդվել էր, մաքրվել քարակույտերը և իրենց տարածքը տրամադրել նոր գաղափարների իրագործման համար:
Աշխատանքներին մշատպես հետևող և Արատես դպրական կենտրոնի նվիրյան Գայ Օհանյանի հետևողական աշխատանքի արդյունք էր այդ ամենը: Արվեստագետներ Կարինե Մացակյանը, Գագիկ Չարչյանը և ճարտարապետ Սլավիկ Մուրադյանը եկան ընդհանուր հայտարարի տանիքների թիթեղյա ծածկի, գույնի, ճարտարապետական որոշ լուծումների, վերանորոգման հարցերի ինչպես նաև կացարանները կահավորելու շուրջ: Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր. այնքա՜ն նոր գաղափարներ, նոր մտքեր։ Արատեսի նման հայտնագործեցինք արվեստագետ մարդկանց՝ Կարինե Մացակյանին ու Գագիկ Չարչյանին։ Այսպիսի մարդկանց հետ աշխարհով մեկ կարելի է ճամփորդել ու չձանձրանալ:
Հիշեցնեմ, որ աշխատանքային-արշավախմբային հաջորդ խումբը կմեկնի Արատես օգոստոսի 17-ին, առավոտյան ժամը 07:00-ին: Ցանկացողները կարող են դիմել՝ 094120694-Սմբատ, 077812810-Անուշ: Յուրաքանչյուր հետաքրքրված, կլինի սովորող ուսուցիչ, թե ուղղակի հետաքրքրված անձ կարող իր փոքր ներդրումը բերել դպրական կենտրոնի վերականգնողական գործում: