Գործ է՝ անհրաժեշտության աստիճանի կարևոր, իր գրով…

4Երեկ, օրվա վերջին, Եղեգիսի Արատեսից Երևան ճանպարհին նույն անփոփոխ զգացումն էր․ կարծես չեմ վերադարձել, մնացել եմ Արատեսում… մեր ավագ դպրոցի աշխատանքային հերթական ջոկատի հետ, որ կազմված էր «Մուտք կրթահամալիր» ճամբարի 10-րդ դասարանի պատանիներից․․․ Գայ Օհանյանը՝ Եղեգիսի Հերմոնի գյուղապետը դիպուկ-հումորով նկատեց՝ Արատեսում սեբաստացիական երդման էին եկել նոր սեբաստացի պատանիները․․․ Ուրիշ որտե՞ղ, եթե ոչ Արատեսի բնության գրկում, աշխատանքով երկրագործ-բնապահպանի. նրանց խոսքը կլինի՝ «այո»-ն՝ այո, և «ոչ»-ը՝ ոչ․․․ Մնացել էի Եղեգիսի շինարարների հետ, որոնց հետ այսօր կշարունակեմ դպրական կենտրոնի կացարանի՝ գյուղական հին տնակների նորոգման, դպրական կենտրոնի ողջ տարածքով բարեկարգման աշխատանքները… Մնում էի, որ ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ անընդհատ դարձնեմ բարեկարգման-նորոգման աշխատանքների առաջադրանքի հետևողական-ամբողջականությունը, որ և՛ աշխատանքների թափը չկանգնի, և՛ վարպետությունը… Մնամ, որ պատանիների, նրանց ղեկավարներ՝ Անուշի, Լիլիթի, Վարդանի հետ քայլեմ Արատեսի ճամփորդական կածաններով, առեղծվածային հմայք-ուժ-ազդեցություն ունեցող բնության այս կտորի բացահայտումներով, որ լսեմ ճարտարապետ-թանգարանագետի դիտարկումները, գրանցեմ-փոխանցեմ շինարարներին, եկող մեր բոլոր արատեսցի պատանիներին, Արատեսի հուշարձանների, այդ թվում՝ բնության պահպանությունը մանրամասն-խնամքով կատարելու պահանջը։ Մնամ, որ Քնարիկ Ներսիսյանի, Սմբատ Պետրոսյանի ֆոտոօբյեկտիվներից ոչինչ հիմա չվրիպի ու փոխանցվի մեդիայով․․․

Ու Արատեսի ազդեցությունը այնքա՜ն զորեղ էր, որ շարունակվեց ճանապարհին հայրենագիտական զմայլանքի դադարներով՝ Ելփինի միջնաբերդին, որ հիմա ճարտարապետ-վանեցու հաստատմամբ նման է Վան քաղաքի ունեցածին, Չանախչիի Արածոյի կիրճին, չգնա՞ս ետևից, տեսնես՝ իրո՞ք Արաքս է հասնում, Արփայի հովտի Նորավանքի մուտքի ակտիվ, նոր միջամտություններով․․․ գինու նոր մառանում համտեսով, Ռինդի գինու համը բերանումս մնացած զգացումով․․․ Արարատյան դաշտում Արարատի ուրվագծով, արևի հրե գնդի մայրամուտով… Մեր դպրոցը բնության գրկում Արատեսի կենտրոնի, 2018-2019 ուստարվա օրացույցով հայտարարված մեկնարկով անընդհատ-շուրջտարյա-բաց, առանց խտրության գործունեությունը, շարունակ հերթագայող ջոկատներով, սովորողների և սովորեցնողների ուժերով կենտրոնի շարունակական բարելավումը պահանջում են, որ ես առաջիկայում ամեն շաբաթ մեկ-երկու օր աշխատեմ, լինեմ Արատեսում, Եղեգիսի կիրճում․․․

Երեկ, օրինակ, անհրաժեշտության աստիճանի կարևոր էր ճարտարապետության դոկտորի՝ իրոք, դոկտոր, 70-ամյակը օրեր առաջ նշած մարդու, կենսունակ իմաստությամբ, մշակութային-բնության հուշարձանների սրտացավությամբ-իմացությամբ, ճանապարհորդ-հետազոտող Աշոտ Գրիգորյանի հետ այցելություն-ուսումնասիրությունը Արատեսի հարևան, նախկինում ադրբեջանաբնակ Վարդահովիտ-Գյուլիդուզի շարունակություն Գետավանքում (Գյադիվան)։ Արատեսը կարող էր արժանանալ Գետավանքի այսօրվա վիճակին. իր նշանավոր վանքի, Գագիկ իշխանի բերդի մասունքները,  գերեզմանոց-դամբարանի տարածքը՝ որպես մի անվերահսկելի անասնապահական խմբերի-անհատների օբա-օբատեղի, որտեղ խաչքարը, դամբարանը, գերեզմանը կոխկրտվում են հայրենի անասունների սմբակների տակ, ցեխի, ջրի, տարերքի, բաջարի, կարտոֆիլի հարվածներով կորչում-գնում, և այս ամենը՝ առաջացող, ծավալվող ՀԷԿ-երի չդադարող շինարարությամբ։ Հայտնի պրոֆեսոր-թանգարանագետին այսքան շփոթված-անպաշտպան-անզոր ո՞վ էր տեսել․․․

Եվ ես այստեղ հասկացա Աշոտ Գրիգորյանի ոգևորվածությունը Արատեսով, նրա այսօրվա վիճակով։ Արատեսում նա եղել էր Համլետ Խաչատրյանի ու ինձ հետ, 1990-1992-ին, երբ ՀՀ կառավարության հայտնի որոշումով, մեր մանկավարժական նախագծով թափով սկսվել-ընթանում էր մեր Արատեսի դպրական կենտրոնի նախագծումը-կառուցապատումը՝ կառուցապատման սխեմային համաձայն, 1988-1989-ին ամայացած, լքված, ամբողջովին անմարդաբնակ Արատես-Կզլգյուլ անմարդաբնակ գյուղակի խարխուլ տների իրացումը, նոր տների-շինությունների հիմքի գցումը, եկեղեցու, Արատես գետի կիրճի-բլուրների, քարայրների, լանջերի, Արատեսի վտակների ազատումը-մաքրումը բնակիչների 200-ամյա տգեղ, անթույլատրելի միջամտություններից․
– Ի՜նչ լավ մաքրել եք, ի՜նչ լավ պահպանել, ի՜նչ ոգևորող հեռանկար եք հաղորդել նոր Արատեսին․ իսկական կարմիր ծաղիկի տեսքի եք բերել,- երկու օր շարունակ, Արատեսի գողտրիկ անկյունով վեր ու վար, արևելք-արևմուտք անցումներով հիանում էր գիտակ-սրտացավ արվեստագետը՝ միջազգային կապերով-հեղինակությամբ։
Ավելի կարևոր գնահատակա՞ն։ Ու մատիտն ու թուղթը ձեռքին, իր երիտասարդ գործընկերոջ՝ Արատեսի նախագծող, մեր սովորողների ճարպտարապետության ուսուցիչ Սլավիկ Մուրադյանի հետ անցան գործի։ Նանց այլևս չես բաժանի․ մնացին Արատեսում… Սիմվոլների խնդրի, բնության գրկում դպրոցի կածանների, նոր հարթակների, նոր անունների, նոր նախագծային դետալների որոշման ուսումնական աշխատանքով։ Արատեսը իր հայտնի գիտական ստուգաբանմամբ հանդերձ, Արա աստծու հետ մի նշանակությամբ, մի ստուգաբանմամբ ինձ հետ է կապվում՝ արի տես ու կմնաս․․․ հավատարիմ այս անկյան, այս արմանք-զարմանքին, չես հեռանա, կվերադառնաս։ Արատե՛ս, հիմա տես, դարձի են գալիս պատանեկան խմբերով, երիտասարդ ստեղծագործ-կառուցումի ավյունով։

Երեկ Արատեսում առաջին նվիրատուն հայտնվեց․ ջրի բաքեր ու ջրատաքացուցիչ ունեցանք։ Երեկ Շատին գյուղի բնակիչ, երիտասարդ Շուշանի ուղեկցությամբ Ավստրալիայից բարեգործական կազմակերպության մի խումբ՝ երեխաներով, այնքա՜ն հիացած մեր պատանիների աշխատանքով, անմիջապես կենդանի բանակցություններ սկսեցին գործընկերության։ Երկուշաբթի դրանք պայմանավորվածություններ կդառնան Երևանում։ Երեկ, Երևանի ճանապարհին, Շատինի մի երիտասարդ ընտանիքի հետ պայմանավորվում էինք մի խումբ պատանիների հետ Սպիտակավոր-Շատինավանք-Արատես ճանապարհին միանալու մասին։ Արատեսի վերածնունդը նոր Եղեգիսի կիրճում հաշտության և ստեղծականության մղումներ է բերում։ Ավելի ու ավելի տեսանելի․․․ 2018-ի շարժման որակներով՝ դուխով և նվիրումով ևս։ Եվ շնորհքով, բարեխիղճ։ Արատեսը, այո, մեզանից ավելին է պահանջում։

Հետգրություն

Գետավանքից մինչև Գողթանիկ Եղեգիսի ջրերով այնքա՜ն տարվեցի, որ չնկատեցի ինչպես ձախ ձեռքիս ցուցամատը վնասեցի։  Թվում էր՝ կոտրվածք է կամ ճաք, բայց ի՜նչ լավ բան է ծանոթ վիրաբույժը։ Առանց ռենտգենի, ընկերավարի որոշեց՝ սալջարդ է, խորը սալջարդ․ երկու-երեք օր, և կանցնի։

Կրթահամալիրի տնօրենի օգոստոսի 26-ի գիրը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s