…Այստեղ են ասել՝ լավ է մեկ անգամ տեսնել, քան տասն անգամ լսել…
Իսկական ,,արի ու տես,,…պետք է գնաս, որ տեսնես, թե որտեղ է գտնվում նախկինում ադրբեջանաբնակ, իսկ 1988 թվականից դատարկված, բայց ապրել երազող Արատես գյուղը:
Արատեսը գտնվում է Վայոց Ձորի մարզում և ընդգրկված է Եղեգիս խոշորացված համայնքի կազմում: Գյուղը ծվարած է Վարդենիսի լեռների հարավային լանջերին, Արատես գետի հովտում՝ շրջապատված բարձր ու թիկնեղ սարերով: Այն առավել հայտնի է Արատեսի վանքով՝ կառուցված 7- րդ դարում:
Արատեսի մասին միայն լսել էի, իսկ այն ինձ սկսեց հետաքրքրել այն պահին, երբ իմացա, որ այն մեր կրթահամալիրի մի մասնիկն է կազմում՝ որպես դպրական կենտրոն և ,,դպրոց բնության գրկում,,: Իսկ ահա օգոստոսի 24-ին որոշեցի անձամբ լինել այնտեղ ու հասկանալ՝ ի՞նչ ասել է ,,դպրոց բնության գրկում,,:
Առավոտյան ժամը 08:00-ին Մեդիակենտրոնից մեծ խմբով /20 հոգի/՝ նոր սեբաստացի սովորողներ և դասավանդողներ, Քնարիկ Ներսիսյանը, ճարտարապետ-պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանը տիար Բլեյանի առաջնորդությամբ, իհարկե, մեր հրաշալի վարորդ Արթուրի հարմարավետ մեքենայով ճանապարհ ընկանք: Մեր այցը և՛ աշխատանքային էր, և՛ ուսումնական: Դրա ուսանելի լինելը նոր սեբաստացիները տեսան արդեն իսկ ճանապարհի ընթացքում, երբ տիար Բլեյանը շատ պատկերավոր ներկայացնում էր տեղանքը, որտեղով անցնում էինք, իսկ ճարտարապետ-պրոֆեսորը իր իր ճարտարապետական-մշակութային դիտարկումներով և հաղորդումներով լրացնում էր տիարի խոսքը՝ այն դարձնելով ավելի ամբողջական և ուսուցողական:
Հետաքրքիր էին նաև մեր կանգառները: Առաջինը կանգ առանք Սևակավան /Պարույր Սևակ/ գյուղի մոտ, այն վայրում, որտեղ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը տիկնոջ հետ վթարի զոհ դարձավ: Այդ չարաբաստիկ տարին 1971 թվականն էր, ,,երբ սգում էր ամբողջ ազգը,,-իր խոսքում նշեց պրոֆեսորը, ով պատմեց Սևակի և գյուղի հիմնադրման մասին:
Մեր հաջորդ կանգառը տիար Բլեյանի առաջարկով եղավ Տիգրանաշենի /Քյարքի/ ոլորաններից մեկում, որտեղից պարզ երևում է հայոց սուրբ լեռը՝ Արարատը: Այստեղ պրոֆեսորը նաև ներկայացրեց հետաքրքիր տեղեկություններ Մասիս լեռան մասին, որոնք լսելուց հետո կատարեցինք մեր սեբաստացիական պարտքը շրջակա միջավայրի հանդեպ՝ տարածքի աղբահավաքում:
Այստեղից շարունակեցինք մեր հետաքրքիր երթուղին, մինչև հասանք Եղեգիսի կիրճ…անցանք Շատին գյուղի միջով, կանգ առանք Եղեգիս գյուղում, եղանք Պռոշյանների տոհմական դամբարանում, որտեղից էլ քայլեցինք դեպի Զորաց վանք: Այստեղ նույնպես լսեցինք մեծ պրոֆեսոր Աշոտ Գրիգորյանին, ով ներկայացնում էր այս նշանավոր վանքի պատմությունը և ճարտարապետական առանձնահատկությունները: Նրան լսելուց հետո ճաշեցինք և շարունակեցինք մեր քայլքը դեպի մեքենան, որը մեզ սպասում էր Եղեգիս գյուղից Արատես տանող ավտոճանապարհին…շնորհակալ ենք Արթուրին…
Եղեգիսից շարունակեցինք առաջ ընթանալ, անցանք Հերմոն գյուղով, որտեղից մեզ իր մոտ էր տանում բարձունքի վրա ծվարած Արատեսը: Տիար Բլեյանը Քնարիկ Ներսիսյանի և պրոֆ. Գրիգորյանի հետ իջան Արատեսի վանքի մոտ, իսկ մենք հասանք մինչև կացարաններ: Տեղավորվեցինք, ծանոթացանք տեղանքին, պլանավորեցինք և որոշեցինք մեր եռօրյա անելիքները և տիարի ուղեկցությամբ իրականացրեցինք ճանաչողական քայլք Արատեսի տարածքում: Քայլքն ավարտելուց հետո մենք պատրաստվեցինք Արատեսի ներկայացմանը: Ներկայացման ընթացքում, որին մասնակցում էին նաև Եղեգնաձորի երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչներն ու ղեկավար Հասմիկը, տիարը ներկայացրեց Արատեսը նախկինում, այսօր և վաղը:
Երեկոյան ընթրեցինք, իսկ լուսնյակ գիշերն ու խարույկը բոլորիս հավաքեց իր շուրջը, ունեցանք հետաքրքիր զրույց-քննարկում և տպավորությունների կիսում: Իսկ ահա վրաններում գիշերելը բոլորիս ամենասպասված պահն էր…
Առավոտյան ժամը o7:00-ին արթնացանք և նորից տիար Բլեյանի ուղեկցությամբ քայլեցինք, այս անգամ դեպի ձորը, որտեղով հանդարտ հոսում է Արատեսի վտակը, որին պրոֆ. Գրիգորյանը որոշեց անուն տալ…առավոտյան թարմություն, հրաշք բնություն, արևածագ, Արատես գետի քչքչոց, թռչունների ծլվլոց…մի խոսքով՝ տեսնելու և վայելելու բան է, ոչ թե ասելու…
Քայլքն ավարտելուց հետո նախաճաշեցինք և անցանք գործի՝ տարածքի մաքրում, բարեկարգում, խոտահավաք…մինչև արևը ջերմացավ և մենք անցանք հանգստի: Մեր նոր սեբաստացիները ցանկացան գետում լողալ, և բոլորս միասին իջանք Արատես գետ, լողացինք, թարմացած բարձրացանք վերև: Երեկոյան նորից աշխատեցինք, իսկ մութն ընկնելուն պես նորից բոլորիս հավաքեց խարույկը, որի շուրջ ամփոփեցինք մեր ճամբարային երկրորդ հագեցած օրը:
Վերջին օրվա առավոտը նորից քայլքով սկսեցինք, թարմացած անցանք աշխատանքի՝ մաքրելով Արատեսի վանքից վերև գտնվող քարանձավը և շրջակա տարածքը: Աշխատանքից հետո նախաճաշեցինք և պատրաստվեցինք Երևան վերադարձին:
Հետաքրքիր էր նաև մեր վերադարձի երթուղին՝ Սելիմի լեռնանցքով՝ Քարավանատուն-Մարտունի քաղաք-Սևանի ավազան-Սևանա լիճ-Հայրավանք-Երևան…ու այսպես անփորձանք և լավ տպավորություններով, Արատեսը նորից տեսնելու ցանկությամբ հասանք Մեդիակենտրոն, այնտեղից էլ տուն:
Այսպիսին էր մեր Արատեսյան եռօրյա աշխատանքային-ուսումնական ճամբարը, որը մեր նոր սեբաստացիների համար եղավ սեբաստացիական մկրտության վայր, իսկ այս վայրը՝ դպրոց բնության գրկում, յուրաքանչյուրիս հոգատար վերաբերմունքի կարիքն ունի…
Նյութի աղբյուրը՝ Վարդան Կարապետյանի բլոգ