Կիրակի. փախուստ քնով ու վերադարձ գրով…

 

DSCN0093

Որքան էլ ճանապարհը Եղեգիսի Արատես կարճ չես համարի (այս անգամ՝ երկու կողմն էլ Արտաշատի խճուղով, Եղեգնաձորով, Եղեգիսի կիրճով, ուղիղ 150 կմ մի կողմի երկարությամբ), այն ավելի երկարեց. գնալիս էլ, գալիս էլ դադարներով էր: Խոստումը իմ երիտասարդ գործընկերներին՝ ճանապարհն էլ ավելի հետաքրքիր, հայրենագիտական դարձնելու, հայրենագիտական նորություններով-շեղումներով-դադարներով, շփում դարձավ Վայոց ձոր-Եղեգնաձորի մարդկանց հետ, ծանոթ-անծանոթ, իրենց օրվա հոգսերով-մտահոգություններով… Այսքան անհանգստություն մեկ օրվա՝ կիրակիի համար շատ էր, որ մարդիկ բեռնեցին ինձ իշխանական Երևան տանելու համար, ու մթնով վերադարձին, Միքայելը Ղազարյան հուսալի ընկերը՝ ղեկին, ես Դավիթ Բլեյանի նման քնեցի-փրկվեցի: Ու հիմա մութուլուսին սովորականի պես ձեզ հետ եմ, ընթերցող-չընթերցող, սեբաստացի-ոչ սեբաստացի, իմ գրով, այստեղից և կիրակիի մասին իմ պատումի վերնագիրը՝ փախուստ քնով ու վերադարձ գրով…

Շնորհակալ եմ Արատեսում Վայքի Ազատեկի և Եղեգիսի Գողթանիկի երիտասարդ, նոր տնօրեններին՝ Կարենին ու Աշգիշտիին, ծանոթանալու, Արատեսով քայլելու, լավաշով, պանրով, մեղրով ու մածունով աղուհաց կիսելու համար: Մենք դպրական կենտրոնի գործունեության, 2018-2019-ի «Ուսումնական Վայոց ձոր», «Կրթության կազմակերպումը խոշորացված համայնքում» նախագծերի շրջանակում կօգնենք յուրաքանչյուր բնակչի՝ կարիքները կրթական խնդիր դարձնելու և լուծելու։ Լավ է, որ Արատեսում այս մասին է մեր խոսակցությունը Վայոց ձորի կրթության վարչության պետ Արփիար Ղազարյանի, երիտասարդական կենտրոնի անդամների, Եղեգիսի առանձին գյուղապետերի մասնակցությամբ։ Յուրաքանչյուր շահառու Արատեսի դպրական կենտրոնում այս նախագծերին ներգրավվելու մյուսներին հավասար հնարավորություն կունենա. շնորհքի-ջանքի-նախաձեռնության հարց է։

Վերադարձին մերը դարձած ջրվեժի գյոլում լողալը հարմար էր արմատներով Նախիջևանի Բիստից, ծնունդով հայաստանցի՝ աբովյանցի Արգիշտիի ուղեկցությամբ Եղեգիսի Գողթանիկում շրջայց կատարելու, դպրոց մտնելու համար: Արգիշտին ոգևորված է. չորս առաջին դասարանցի, 21 սովորող, գյուղի-դպրոցի սքանչելի դիրք, հողատարածք երկրագործության համար, դպրոցին պատկանող փեթակներում մեղրի լավ բերք… Ոչինչ, որ անճոռնի, գործարան հիշեցնող շենք է, առայժմ անմխիթար միջավայրով… Ոչինչ, եղբայր ու այսուհետ հարազատ Գողթենիկ-բիստեցիներ, դրախտի ճամփով միասին կանցնենք, գործընկեր ենք:

Ոչ միայն Վայոց ձորի, Հայաստանի խոշոր գյուղներից է, ինքն իրենով խոշորացված համայնք Մալիշկան, ու կիրակի այստեղ ծավալվող համայնքային կյանքի խմորումները՝ մի կողմում ցուցարարներ, Առինջ մոլի (խոսքի մեջ ինձ փոխանցում են), մյուս կողմում՝ մալիշկեցիք, իրենց անուն հանած գյուղապետ Մհերը… Երեկ ողջ Վայոց ձորը հետևում էր-մասնակից էր Մալիշկայի զարգացումներին, նրանց միջոցով և մենք, չնայած որ Վայքի ճանապարհը բռնած Մալիշկան՝ ո՜ւր, սարերում ծվարած Արատեսը՝ ուր… Մալիշկան՝ հայտնված Ձորի, հանրապետության քաղաքական իրադարձությունների խաչմերուկում, իր ներուժը, համայնքային համերաշխությունը դրսևորելու պատվեր է ստացել…

 ՀՀ նախագահի այցը կրթահամալիր։

Ամեն օր ավելի ու ավելի խորոտիկ է դառնում բոլորիս Արատեսը, ավելի կարմիր ու ավելի ծաղիկ… մաքրվելով 100-200 տարվա շինարարական, բնության պարգև ներդաշնակությունը խաթարող միջամտություններից, գյուղական տնակների մուգ կարմիրով, բաց-միասնական բնակատեղիով ավելի ու ավելի գրավիչ… Այս օրերին Էմանուելի և Սմբատի ղեկավարությամբ կրթահամալիրի ավագ դպրոցի հերթական աշխատանքային ջոկատը սկսեց մարզադաշտի տարածքի մաքրումը-կազմակերպումը, որ նախատեսել ենք ավարտել հոկտեմբերին, շարունակեց դպրական կենտրոնի մուտքի, եկեղեցամերձ տարածքի բարեկարգումը… Իմ այցը շինարարների հետ այսպիսի հարցեր քննարկելու համար էր՝ սեբաստացի իրավասության ներքո, բոլորը՝ լուծելի… Եղեգիսցի-զնաբերդցի Արմենի շինարարական բրիգադը համերաշխ իր գործին էր: Տեսանք:

 Սաթեն Գևորգյանն ու  էլֆերը։

Իսկ ահա Չիվայում 2018-ի ապրիլյան ընդվզումի մի խումբ մասնակիցների մեզ հարկադրած կանգառը-հանդիպումը, ինձ փակուղային է թվում… Ի՞նչ եղավ երեք ամիս առաջվա ոգևորվածությունը, ի՞նչ արժեր այն, եթե ընդունակ չէր դարձնելու ձեզ՝ առօրեական-գյուղական հողի-բերքի-ջրի-աղբյուրի-բարիքի խնդիրները լուծելու… Ես ամենուր հանդես եմ գալիս իմ՝ Աշոտ Բլեյան-տիարի համերաշխությամբ, բայց այստեղ՝ Չիվայում, այն քիչ է, նրանք ուզում են իմ միջոցով ստանալ իշխանության միջամտությունը… Լսելի լինեն, որ Նիկոլը իր կախարդական գավազանով հասնի, Չիվան պատած անարդարություններից իրենց շուտափույթ ազատի… Անհանգստությամբ փոխանցում եմ այդ անհանգստությունը իմ այս գրով…

Կարդո՞ւմ է Նիկոլը իմ գիրը նախածննդյան: Ստուգենք:

Կրթահամալիրի տնօրենի այսօրվա գրից

Оставьте комментарий