Դավիթ Բլեյանն իր նախաձեռնությամբ, հայրիկից թաքուն, շնորհավորական բացիկ է պատրաստել Արմեն եղբոր և մայրիկի աջակցությամբ… Սա՝ սեպտեմբերի երեքին, մինչև ժամը տասը, իմ քունը… Իսկ այսօր շուտ է արթնացել, յոթը չկա, ինձանից աննկատ պատրաստվում է նույնքան հանկարծակի ինձ շնորհավորել: Արմինեին հարցնում եմ.
– Ո՞ւմ նախաձեռնությունն է, ինչո՞ւ բացիկ…
– Ինքը գիտի, որ բոլորն էլ շնորհավորական բացիկներ են պատրաստում… Մենք պնդում էինք, որ շնորհքով անի, սիրուն լինի…
– Իսկ Դավի՞թը,- հարցնում եմ:
– Ի՜նչ եք խառնվել իրար, մեկ է, ոնց էլ անեմ, հայրիկը ուրախանալու է…
Ուրախացա։
Իմ օրերից է սեպտեմբերի չորս-հինգը, ամենաանհարմարը… Մորս օգնությամբ հատուկ խառնել եմ չորսն ու հինգը, որ ծննդյան օր կոչվածը տեղավորվի մյուս օրերի մեջ, թե չէ արհեստականության աստիճանի ցցվում է քո տարի կոչվող ինքնագլորում: Օր է, կանցնի, տիա՜ր, ուրա՛խ եղիր պարզապես, անուրախ տնօրենի պահանջ քո շուրջը ոչ ոք չունի… Դու ստեղծված ես որպես ուրախաբեր տիար, և՛ շուրջ տարի, անընդհատ, և՛ չորսին-հինգին… Դավիթ Բլեյանը հենց սա էր ցանկացել բացիկում շնորհավորական` «Միշտ ուրախ լինես, հայրիկ ջան»: Լսեցի:
Սեբաստացիների հեծանվային խումբը կրթահամալիրի տնօրենին առավոտյան ուղեկցում է կրթահամալիրի Բանգլադեշ։
Աղբյուրները, ջուրը որևէ ձևով, իմ աչքից չեն վրիպում… Մոտենում եմ: Այդպես է և խաչքարը: Մաքրում եմ, եթե աղբյուր է, եթե խաչքար է, անուշ անում, հիանում… Եթե աղբյուրից ջուր չի գալիս… ի՞նչ է մնում՝ անջուր պատկե՞րը… Հայաստանի բոլոր բնակավայրերի, Երևանի, Բանգլադեշի աղբյուրները. լավ նախագիծ է ուսումնական:
Արատեսում վերջին անգամ Գայը ինձ ցույց տվեց դպրական կենտրոնի հյուսիս-արևելյան լանջին վայրի տանձենու (պանդա ենք ասում) մոտ, որի ճյուղերը ջարդելով արջը տանձ է կերել, աղբյուրը նոր, որ մաքրել, խմելու են դարձրել… Ի՜նչ աղբյուր է՝ անմահական ջրով՝ Տանաղբյուր կամ Արջաղբյուր… Համեցե՛ք, անուշ արեք, օրհնեք շինողին:
Երեկ, հյուսիս-արևելք անցումին ՀՀ նախագահը ոչ միայն նկատեց հիշատակի աղբյուրը բարձրահարկի մի բակում, ջուրը ցայտում էր, այլև մոտեցավ, խմեց, խաչակնքեց… Պատկերն իմ մեջ է, որքան էլ օրը տպավորությունների պակաս չուներ… Միշտ մաքուր լինի շուրջդ, աղբյո՜ւր, միշտ անցորդների խաչի զորությամբ կարկաչի՛ր…
Եղեգնաձորի, Եղեգիսի ճամփին էլ, Եղեգիսում էլ ցամաք աղբյուրներ կան… տարիներով… Սիրուն քարեր, զարմանալի մշակումներ աղբյուրի, ու անջուր…Ի՞նչ եղավ էս ջուրը… Ճամփին կորա՞վ, ինչո՞ւ չգտնեն, բացեն ճամփան, որ հոսի… ինչպես Արատեսում, թե՞ ակունքն է չորացել…
Երեկ, վարչական խորհրդում արձանագրեցինք սեպտեմբերի երեքին երկարօրյա ուսուցման ծրագրով, որպես շուրջտարյա ուսումնական տարատարիք ճամբար գրանցվել է 555 սեբաստացի՝ մեկից-յոթերորդ դասարանցի, նրանցից միայն չորսն է բացակա եղել… Ուրախացնող ու մտահոգող թիվ է 555-ը: Այսօր մեր երկարօրյայի կազմակերպիչները սկսեցին առավոտյան անհատական պարապմունքները Ագարակում, ձիերի խնամքով, վարգով… Երեկ, Ագարակում ես հանդիպեցի Շուշանի ու Էդմոնի պատիզպան-կենդանաբան-տեխնոլոգների նախագծային խմբին… Ի՜նչ կպած, համերաշխ-ուժեղ էին մաքրում շուրջբոլորը…
Երկարացված օրվա կազմակերպիչներ Մելինե Սիմոնյանը և Նունե Խաչիկօղլյանը հերթապահում են Ագարակում։
Երեկ, վարչական խորհրդում Լուսինե Մամիկոնյանը, որ ամենամտահոգն է այս օրերին, այնքա՜ն, որ ինձ չի կարողացել այլ կերպ շնորհավորել, քան սեբաստացի տարատարիք սովորողների-ուսուցիչների ամենօրյա փոխադրման հերթական երթուղին բացելով… Մեկից երեսունյոթ համարներով դպրոց անիվների վրա՝ իր բազում հոգսերով, մանկավարժությամբ, անվտանգության համակարգով, համակեցությամբ. բոլորս ենք այսպիսի անխափան-շուրջտարյա, ուրախ, տարատարիք, գլորվող, ինչպես օրը, տարին, կյանքը մեր, դպրոցի երաշխավորը, կազմակերպիչը, մասնակիցը… Խաչակնքեցի. անխափա՛ն…
Դավիթ Բլեյանը երեկ ուսումնական պարապմունքների առաջին կեսից հետո ճանապարհեց մեքենայով մայրիկին, մնաց երկարօրյա ճամբարում մինչև վերջին րոպեն: Ի՜նչ ուրախ-հետաքրքիր ընկերություն ունի, դպրո՜ց եմ ասել. իսկական ճամբար: Հետո բոլորի հետ ու նման, նստել է վարորդ Գեղամ Հովհաննիսյանի թիվ քսաներեք միկրոավտոբուսը ու, առաջին անգամ, ինքնուրույն իջել Խանջյան փողոցում՝ առաջին վերգետնյայի մոտ: Առանց ինքնուրույնության ինքնակրթությունը անընդհատ ու իսկական չի լինում… Մերը այդպիսին է` իսկական, անընդհատ, ուրախ…
Կրթական շքերթի մասնակից 6 տարեկանների՝ հեղինակային կրթական ծրագիր ընտրած սեբաստացի ծնողները։
Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան