Բարեկարգվելուց հետո Վայոց ձորի Արատես համայնքում բացված համանուն ճամբարային դպրոցում կբացվի նաև Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Հենց այս կրթահամալիրն է Արատեսի ճամբարի նախաձեռնության հեղինակը:
«Մենք գնում ենք անընդհատ կառուցման ճանապարհով»,-խոսելով «Դպրոց բնության գրկում» նախագծի մասին՝ ասել է կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Դաշտային, ճամբարային դպրոցը Եղեգիսի կիրճում է: Նախկին ադրբեջանաբնակ այս գյուղում մնացած տները բավական լավ են պահպանված, վերականգնման ու հարդարման որոշ աշխատանքներից հետո լիովին պատրաստ կլինեն ընդունելու դաշտային ուսուցման սիրահարներին ու ճամբարականներին:
Առաջիկա ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին Արատեսն արդեն կհյուրընկալի կրթահամալիրի և Եղեգիսի կիրճի պատանիներին: 10-12-րդ դասարանցիները ռազմամարզական հավաք կունենան Արատեսում:
«Բնության գրկում, կյանքի իրական դժվարություններին դիմակայելու պայմաններում է հնարավոր անցկացնել իրական ռազմագիտության, հայրենաճանաչության դասերը: Այսինքն՝ 2018-2019 թվականներին Արատեսում կգործի Հայաստանում առաջին ռազմամարզական ճամբարը՝ իրական պայմաններում. դժվարություններ կհաղթահարեն, կսովորեն գործել իրական պայմաններում: Կաբինետային ռազմագիտությունը չի կարող արդյունավետ լինել, հաճախ ձևականացվում է: Ուսուցման այդ տարբերակը հազիվ թե հայրենիքի նկատմամբ այն հույզերն արթնացնի կամ պատանուն փոխանցի այն հմտությունները, որ նա 1-2 տարի հետո կարողանա իր քաղաքացիական պարտքը պատվով կատարել: Թող լինեն ինքնուրույն, ինքնուրույն տնօրինեն իրենց ունեցածը»,- ասել է կրթահամալիրի տնօրենը:
Այս տարի կրթահամալիրի սաներն ու Եղեգիսի կիրճի պատանիները սեպտեմբերի 21-ը դիմավորելու են Արատեսում՝ բարձունք հաղթահարելով: Սա կրթահամալիրի համար ավանդական դարձած արարողություն է, որն, ըստ տնօրենի, նաև խորհրդանշական է.
«Ամեն տարի այդ օրը մեր դրախտավայրին նայում ենք վերևից: Յուրաքանչյուրն ընտրում է իր բարձունքը և հաղթահարում այն: Շատ կարևոր է, որ պատանիները բարձունքից իջնեն, քայլեն, մաքրեն, նախապատրաստեն տարածքը աշնանային ծառատունկի համար ու տեղում բնակվելով՝ բարեկարգեն իրենց շուրջը: Մենք բարեկարգում, կառուցում ենք՝ ապրելով բնակչի իրավունքով, ով գիտի, թե իր տարածքին ինչ է հարկավոր»,- ասուլիսի ժամանակ նշել է Աշոտ Բլեյանը:
Բարեկարգման աշխատանքները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրն իրականացնում է իր հաշվին: Ճամբարային դպրոցը շահույթ չի հետապնդում, տները տրամադրվում են անվճար՝ ճամբարային ուսուցման կամ ընտանեկան հավաքների համար: Կան նաև դաշտային, վրանային ճամբարներ, որոնք, ըստ նախաձեռնության հեղինակների, մարդուն ավելի մոտ են դարձնում բնությանն ու իրական կյանքի դժվարություններին:
Սեպտեմբերի 15-ին Արատեսի կենտրոն կայցելեն ՀՀ պաշտպանության, տարածքային կառավարման և բնապահպանության փոխնախարարները, ովքեր տեղում կտեսնեն, թե ինչ պայմաններ են ստեղծված ռազմամարզական բանակումի համար: Առաջիկա ուսումնական տարվա ընթացքում բոլոր դպրոցները հնարավորություն կունենան անցնելու այդ ճամբարով, որը դեռևս միակն է Հայաստանում:
Նյութի աղբյուրը՝ SHANTNEWS.am