Վաղուց քաղաքական տեքստ չեմ գրել-ասել. իմ միտքը չի զորել սրան, չի սնվել այսքան…
Ես հավատում եմ փաստաբան Վահե Գրիգորյանի հավաստմանը. մարտի 1-ի գործով բեկումնային զարգացումներ են սպասվում… 2008թ․մարտի 1-ի գործով վճռաբեկ դատարանում քննությունը «…միայն երկրորդ նախագահի կալանքի գործը չէ, մենք հասել ենք բեկումնային կետի, որտեղ Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգը պետք է տա հետևյալ հարցի պատասխանը՝ արդյո՞ք ՀՀ-ն կարող է հանդուրժել սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգությունը՝ անձեռնմխելիությամբ պաշտպանելով ոտնձգության մեջ մեղադրվողին, թե՞, այնուամենայնիվ, սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձը չի կարող պաշտպանություն ունենալ անձեռնմխելիությամբ: Սա վճռական հարց է»:
Ես համաձայն եմ Սարգիս Արծրունու այս վերլուծականի հետ, թույլ եմ տալիս վերաձևակերպել, Նիկոլ Փաշինյանի ընտրական ելույթները թույլ են տալիս, որպեսզի Հայաստանի քաղաքական համակարգում ձևավորվեն հակահեղափոխության հետ առնչություն չունեցող ընդդիմադիր ուժեր․․․ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մնացած ժամանակում կձևավորվի նոր ընդդիմությունը, որը թույլ չի տա, որ Աժ ընտրությունները տեղի ունենան «սևերի» ու «սպիտակների» հակադրության ռեժիմում։
Համաձայն չլինելով իմ առաջադրած-պաշտպանած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա կաբինետի շատ քայլերի-գործողությունների-մտքերի հետ՝ շարունակում եմ լինել-գործել որպես թիվ մեկ պատասխանատու անձ հեղափոխության, Նիկոլի ու իր առաջնորդած պարմանիների ստեղծած 2018-ի ապրիլ-մայիսի քաղաքական հրապարակի արտահայտիչը։ Ահա այս քաղաքական հրապարակով, մեր Նիկոլով ու նրա կաբինետով կկարողանա՞նք 2018-ի հոկտեմբեր-նոյեմբերին իրավական նորմ-անխախտելի համաձայնություն դարձնել ՀՀ կառավարության գործունեության ծրագրում ամրագրված, ՀՀ Ազգային ժողովի հաստատումը 62 ձայնով ստացած դրույթը՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստումը․ մեջ եմ բերում «2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հաղթանակից հետո ակնհայտ դարձավ, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։
….Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»։
Ասել է թե՝ մինչև 2019թ. հունիս ամիսը մենք պիտի ունենանք նոր, ընտրված Ազգային ժողով և նրա ձևավորած կառավարություն, և ոչինչ չի կարող մեզ շեղել դրանից՝ ո՛չ կոռումպցիայի դեմ պայքարը, ո՛չ Քոչարյանի դատավարությունը, ո՛չ ինչ-ինչ արտակարգ իրավիճակներ, քաղաքական ինտրիգներ, հեղափոխականության ոգևորություններ։ ՀՀ Ազգային ժողովի որոշված արտահերթ ընտրությամբ պիտի իրական-գործող դառնա ՀՀ Սահմանադրական քաղաքական համակարգը․․․ Սահմանադրության փոփոխություններով կարելի է զբաղվել միայն այսպիսի քաղաքական համակարգ հաստատելուց հետո։
Հյուսիսի 1.2 դասարանի լողուսուցման առաջին պարապմունքը փակ լողավազանում։ Լուսանկարները՝ Սեդա Վիրաբյանի։
Սկզբում Արմինեն արթնացավ, հետո՝ Դավիթը․
– Ո՜ւֆ, ինչի՞ եք էսքան ուշ արթնացել։ Հիմա առավո՞տ է, թե՞ գիշեր․․․
– Պա՜պ, էլի Արատես ե՞ս գնում։ Հա՛մ ասում ես՝ հոգնում եմ ճամփից, հա՛մ էլ ամեն օր գնում ես․․․
– Բա ի՞նչ անեմ, Դավի՛թ ջան․․․ գործերը շատ են, ախր։ Ափսո՜ս, ճանապարհն է երկար․․․
– Հեռու է՝ Արատեսում ապրի, որ մոտ լինի, ու անընդհատ չգնաս գաս բողոքես։
Այս շաբաթ այնքա՜ն կարևոր իր ապրումները, դավիթավարի ձևակերպումները, ուզում եմ, որ զարդարեն, շաբաթագրին արժանի շուք հաղորդեն․․․ Արմինեն է առաջինը լսել-փոխանցել իր ընտրությամբ, իր ժպտուն գորովանքով մեր տղուկի նկատմամբ․․․
Դավիթ Բլեյանը, գիտեք, նոր հեծանիվ ունի, նոր համակարգիչ, կրթահամալիրի Բանգլադեշ, իր ընտրած դպրոց-դասարան, ուսուցիչ, իրեն և ընկերներին ամեն օր տանող-բերող երթուղի՝ թիվ 39-ը։ Կարգապահ է մեր տղան, իսկ շուրջբոլորը՝ հուզվելու աստիճանի այնքա՜ն հոգատար մարդիկ․․․
– Պա՜պ, ես ուզում եմ քո նման շուտ արթնանամ, որ իմ դասից չուշանամ․․․
– Դավիթ ջան, երեկ օրդ դպրոցում ինչպե՞ս անցավ, ի՞նչ նոր բան արեցիր։ Ընկեր Լուսինեն գո՞հ է քեզնից,- հարցնում եմ։
– Քո գործը չի։ Ես քեզ հարցնո՞ւմ եմ՝ դու ինչ ես արել ամբողջ օրը․․․ Համ էլ ընկեր Լուսինես միշտ էլ գոհ ա, ինքը ձեր նման դժգոհ չի։
– Մա՜մ, դե արի կողքիս պառկի, որ քնեմ, թե չէ հեռախոսովդ մուլտիկ կնայեմ․․.,- կանչում է Արմինեին, որ ըստ Դավթի, իր ծիծիկներում կրում է Դավթի քույրիկի երկու տարվա կաթը…
Իսկ ես մի ժամ հետո գործընկերներիս մի խմբի հետ, վոլեյբոլի հարգելի մարզիչ Անդրանիկ Մանուչարյանի մեքենայով կշարժվեմ Արատես, կմիանանք 2018-2019-ի շուրջտարյա ռազմամարզական ճամբարի բացում-եռօրյա հավաքի մասնակիցներին․․․ Ես հերթական աշխատանքային շաբաթ-կիրակին կանցկացնեմ Արատես դպրական կենտրոնում՝ կրթահամալիրի մասնաճյուղում․․․ Բարի ճանապարհ։
Ռազմամարզական ճամբարի երկրորդ օրը Արատեսում։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի, Մարիամ Աղաբաբյանի։