Արդեն մոտ երկու ամիս է, ինչ ընթանում են Արատեսի դպրական կենտրոնի նախագծային և շինարարական աշխատանքները։ Նախագծային մոտեցումները մի քանի անգամ փոփոխվել են, բայց էությունն անփոփո է՝ կառուցում ենք դպրոց՝ բնության գրկում։ Ձեզ ենք ներկայացնում կատարված էսքիզային, չափագրման, նախագծման և շինարարական աշխատանքները, և ակնկալում ենք մեկնաբանություններ ու առաջարկներ, քանզի Արատեսի դպրական կենտրոնը բոլորինն է ու պետք է լինի բոլորի սրտով։
նկար 1
Նկար 1-ում կատարված է գոտեվորման նախագիծ-առաջարկը։ 1-ին մասը առաջարկվում է դարձնել պահակակետ-ընդունարան-ավտոկայանատեղի՝ ելնելով իր նախամուտքային դիրքից և ռելիեֆի բարենպաստ պայմաններից։ 2-րդ մասը առաջարկվում է դարձնել կասկադաձև այգի։ Առաջարկը հիմնավորվում է նախ ռելիեֆի բնական թեքությամբ և այն փաստով, որ գտնվում է Արատեսի վանքին կից, ուստի կծառայի հյուրերի և զբոսաշրջիկների համար որպես հանգստի գոտի։ Կա տարբերակ այդ հատվածը դարձնել մարզական գոտի, որը նպաստավոր չէ ճիշտ նույն հանգամանքներից ելնելով՝ թե՛ ռելիեֆի թեքության, թե՛ վանքին կից լինելու, քանզի ակտիվ մարզական գոտին ընդունված է տեղադրել հանգստի, հասարակական նշանակության գոտուց հեռու։ Այս հատվածը պատկերված է նկար 2-ում։
նկար 2
3-րդ գոտում առաջարկվում է կառուցել ամֆիթատրոնային մաս, որը կծառայի բացօթյա միջոցառումների և հավաքների համար։
4-րդ հատվածը նպաստավոր է սպորտային գոտու՝ մասնավորապես ռազմամարզական ճամբարի համար։ Այն թե՛ համեմատաբար ամենահարթ ու մեծ մակերեսն, թե՛ գտնվում է կացարաններից փոքր հեռավորության վրա։
Միջանկյալ հատվածում գտնվում են կացարանները, որոնք չափագրվել են և կատարվել է նախնական կահավորման նախագիծ, ըստ որի յուրաքանչյուրը պետք է լինի լիարժեք ֆունկցիոնալ կացարան՝ ապահովված բոլոր անհրաժեշտություններով։ Այլընտրանքային է ճամբարային՝ կենտրոնացված ֆունկցիաներով տարբերակը, ըստ որի ամեն կացարան կունենա իրեն հատկացված ֆունկցիան։ Այս երկու տարբերակները ենթակա են քննարկման և վերջնական որոշման, իսկ մինչ այդ կներկայացնենք կատարված նախնական առաջարկները։
նկար 3
1-ին մասնաշենքը առաջարկվում է օգտագործել որպես լիարժեք կացարան, որը գտնվում բարձրադիր գոտում և ունի հիասքանչ տեսարան դեպի հյուսիս-արևմուտք։ Նկար 4-ում պատկերված է այդ մասնաշենքի հատակագիծը։
նկար 4
Այն բաղկացած է 2 սենյակից, որից մեկը օգտագործվում է որպես ննջասենյակ, իսկ մյուսը՝ մի մասը որպես խոհանոց-ճաշասենյակ, մյուս մասը՝ սանհանգույց։ Խոհանոցային և սանհանգուցային մասերը անջատվում են պահարանային կահավորմամբ։
Քանի որ տեղանքում լուծված չէ և էկոլոգիապես նպաստավոր պայմաններ չկան կոյուղու համար, առաջարկվում է օգտագործել բիո զուգարանակոնքեր, որոնք գործում են առանց կոյուղու, կուտակում են մարդու բնական թափոնները ներքին արկղում, մշակում են էկոլոգիապես մաքուր հեղուկ-նյութերով, և դարձնում դրանք պարարտանյութ, որը կիրառելի է գյուղատնտեսական բոլոր ոլորտներում։ Շնորհիվ այդ հատուկ նյութի՝ տհաճ հոտեր չեն տարածվում, և կարիք չի լինում ապահովել հատուկ օդափոխություն։
Տանիքը հնարավոր է օգտագործել որպես ննջարանային, կամ ժամանցային գոտի։
Այս մասնաշենքի հին տանիքը քանդվել է, կառուցվել է նորը, թիթեղապատվել և ապահովվել է ջրահեռացման համակարգով ( նկար 5 )։
նկար 5
նկար 6
Նկար 6-ում պատկերված է 2-րդ մասնաշենքի հատակագիծը։ Նախատեսվել երկու ննջասենյակ, խոհանոց-ճաշասենյակ և սանհանգույց։ Տանիքի վերանորոգման, թիթեղապատման և ջրահեռացման համակարգի աշխատանքները ընթացքի մեջ են։
նկար 6․1
Տանիքը հնարավոր է օգտագործել որպես ննջարանային, կամ ժամանցային գոտի։ Տանիքի հասանելիության համար կատարվել է էսքիզային առաջարկ ( նկար 6.2)։
նկար 6․2
նկար 7
Նկար 7-ում պատկերված է 3-րդ մասնաշենքի հատակագիծը։ Այն բաղկացած է 4 սենյակից։ Միջնամասի սենյակներից մեկը առաջարկվում է օգտագործել որպես նախամուտք, մյուսը՝ որպես պահեստ։ Իսկ աջ և ձախ մասերում գտվող սենյակները որպես միջոցառումների անցկացման սենյակ, դասասենյակ, իսկ մյուսը՝ ժամանակավոր արհեստանոց, քանի դեռ առանձին արհեստանոցային կառույց չկա։ Տարբերակ կա նաև ամբողջ մասնաշենքը օգտագործել որպես արհեստանոց, բայց փակօթյա դասերի, միջոցառումների համար անցկացման ավելի նպաստավոր դիրքով, ավելի մեծ մակերեսով տարածք դեռ չկա, ուստի առաջին տարբերակն ավելի հիմնավոր է։ Տանիքի վերանորոգման, թիթեղապատման և ջրահեռացման համակարգի աշխատանքները ընթացքի մեջ են։
նկար 8
Նկար 8-ում պատկերված է 4-րդ մասնաշենքի հատակագիծը։ Նրա ավելացված պատշգամբային հատվածը, որը ապակյապատ էր՝ փայտե ջլատումներով, այժմ քանդված է՝ նորովի ապակեպատելու հեռանկարով։ Սենյակներից մեկը առաջարկվում է օգտագործել որպես ընդհանուր ցնցուղարան՝ իր հանդերձարանով, կամ առանձնացված աղջիկների և տղաների ցնցուղարան՝ իրենց սանհանգուցային մասերով։ Տանիքի վերանորոգման, թիթեղապատման և ջրահեռացման համակարգի աշխատանքները ընթացքի մեջ են։
նկար 9
Նկար 9-ում պատկերված է 5-րդ մասնաշենքը՝ մինչև տանիքի վերանորոգումը։ Ներսում պետք է իրականացվեն մաքրման և վերանորոգման աշխատանքներ, որից հետո կչափագրվի և կկատարվի կահավորման նախագիծ-առաջարկը։ Թե՛ նեքին մակերեսը, թե՛ տանիքինը նախատեսված է օգտագործել որպես բուսաբանական լաբորատորիա։ Նկար 10-ում պատկերված է մասնաշենքը՝ վերանորոգված տանիքով։
նկար 10
նկար 11
Նկար 11-ում պատկերված է 6-րդ՝ քարանձավին կից մասնաշենքի հատակագիծը։ Կահավորման նախագիծը կառաջարկվի, երբ հստակ որոշվեն նախագծման մոտեցումները՝ կենտրոնացված, կամ առանձին։ Ավելացված պատշգամբային հատվածը, որը ապակյապատ էր՝ փայտե ջլատումներով, այժմ քանդված է՝ նորովի ապակեպատելու հեռանկարով։ Հին տանիքը քանդվել է, կառուցվել է նորը, թիթեղապատվել և ապահովվել է ջրահեռացման համակարգով ( նկար 12 )։
նկար 12
Նկար 13-ում պատկերված է 7-րդ մասնաշենքը։ Արատեսի վանքի վերականգամն նախագծի համահեղինակ Այվազյան Սամվելի խորհրդով և քննարկման արդյունքում որոշվեց քանդել այդ մասնաշենքը։ Խնդիրներից մեկը նրա վանքին բավականին մոտ լինելն է, որը մոտ ապագայում, երբ վանքը վերականգնվի, կճնշի միջավայրը և կխոչնդոտի եկեղեցու ծավալատարածական հորինվածքը ազատ ուսումնասիրելու ու ընկալելու գործին։ Դրա հետ մեկտեղ այն կառուցված էր մի քանի մասից՝ տարբեր նյութերով ու տարբեր ժամանակներում, որի արդյունքում տեսքը բավական անշուք էր, իսկ մակերեսը՝ բավական փոքր։
նկար 13
Նկար 14-ում պատկերված է 8-րդ մասնաշենքը՝ նախկին ակումբը։ Այն իր ծավալով փակում էր վանքի տեսարանը հեռվից մոտեցող ճանապարհին, ֆունկցիոնալ կիրառելու համար մեծ ձևափոխությունների կարիք ուներ և գտնվում էր բավականին վատ ամրության վիճակում։ Համադրելով այս ամենը՝ որոշվեց քանդել այդ մասնաշենքը, և փոխարենը կառուցել բացօթյա ակումբային հարթակ՝ ծածկված թեթև տանիքում։ Քանդված շենքի հարթակը պատկերված է նկար 15-ում։
նկար 14
նկար 15
Նկար 16-ում պատկերված է 9-րդ մասնաշենքի հատակագիծը։ Այն նախնական նախատեված է օգտագործել որպես հյուրատուն-պանդոկ։ Կահավորման նախագիծը կառաջարկվի, երբ հստակ որոշվեն նախագծման մոտեցումները՝ կենտրոնացված, կամ առանձին։ Հին տանիքը քանդվել է, կառուցվել է նորը, թիթեղապատվել և ապահովվել է ջրահեռացման համակարգով ( նկար 17 )։
նկար 16
նկար 17
10-րդ մասնաշենքը վերականգնման փուլում է ( նկար 18 )։ Արտաքին պատերից 2-ը քանդված են, ներսի մակերեսը գտնվում է անբարեխիղճ վիճակում։ Վերանորոգման աշխատանքներից հետո կչափագրվի և կարվի նախագծային առաջարկ, կքանդվի տանիքը և կփոխարինվի նորով։
նկար 18
Այս ասնաշենքի արևմտյան պատը կիսանկուղային է և քանդվածներից մեկն է, որի վերականգման և մասնակի ապակեպատման համար կատարվել է էսքիզային առաջարկ ( նկար 19 )։
նկար 19
Մասնաշենքերի առաստաղը իրականացված է փայտե կոնստրուկցիաներով, որոնք ենթակա են մասնակի փոխարինման։ Առաստաղների վերջնական մշակման համար կա երկու տարբերակ։ Առաջինը ամբողջ մակերեսի երեսպատումն է, որը արդեն կատարվել է 1-ին մասնաշեքում ( նկար 20 ):
նկար 20
Երկրորդ տարբերակը փայտյա կոնստրուկցիաները մշակելն ու ակնառու թողնելն է։ Կոնստրուկցիաների տեսքը երևում է նկար 21-ում։
նկար 21
Ավելի նախընտրելի է 2-րդ տարբերակը, որի արդյունքում առաստաղը ավելի դինամիկ է լինում, ավելի բարձր ու ավելի հաճելի։ Նմանատիպ ինտերիերի դիզայնի օրինակներ պատկերված են նկարներ 22 — 25- ում։
նկար 22
նկար 23
նկար 24
նկար 25
Գոտեվորման սխեմայի 2-րդ և 3-րդ հատվածների միջնամասում ( նկար 1 ), առաջարկվում է կառուցել աղբյուր, որը մոտ կլինի մոտակայքում ժայթքող խմելու ջրին և կսնուցվի դրանից։ Աղբյուրի էսքիզային առաջարկը պատկերված է նկար 26-ում։
նկար 26
Խնդիրներից մի քանիսը, որոնց լուծումները ընթացքի մեջ են, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումն են։ Դրանց սխեմաներն ու գծագրերը կներկայացվեն շուտով։
Ներկա պահին քննարկման ենթակա են այստեղ նշված առաջարկներն ու խնդիրները։ Դրանք հստակեցնելուց հետո կկատարվեն համապատասխան աշխատանքներն ու կներկայացվեն մյուս խնդիրները՝ ըստ կարևորության։
Նյութի աղբյուրը՝ Սլավիկ Մուրադյանի բլոգ