Կրթահամալիրի կրտսեր դպրոցների սովորողների եռօրյա ճամբարումը Արատեսի դպրական կենտրոնում. հաշվետվություն

Սեպտեմբերի  21-23-ը, հայրենագիտական եռօրյա նախագծով Արատեսի դպրական կենտրոն էին մեկնել կրթահամալիրի կրտսեր դպրոցների սովորողների և դասավանդողների քառասուն հոգանոց խումբ՝ 29 սովորող և 11 դասաավանդող, այդ թվում և կրթահամալիրի տնօրենը, ինչպես նաև տեխնոլոգներ, ովքեր անհատական նախագծերով հանդես եկան դպրական կենտրոնի գեղարվեստի անկյունը բարեկարգելու շուրջ: Եռօրյա ճամբարումը  համընկավ «Բարձունքի հաղթահարում» կրթահամալիրյան ամենամյա տոն-նախագծին, որն էլ իհարկե սիրով համատեղեցինք: Երկու օր անընդմեջ՝ 08:00-17:00 եղել ենք ոչ պակաս քան 2200մ բարձրունքում, իսկ ահա Արատեսը՝ մեր սիրելի, ծովի մակարդակից գտնվում է շուրջ 2000մ բարձրության վրա:

Webp.net-gifmaker (1).gif
Առաջին օրվա ծրագրում էր՝Ցաղաց քարի և Սմբատաբերդի բարձունքները հաղթահարելը:  Կանգառ ունեցանք Արենիում, Արփա գետի հովտում, իսկ վերելքը սկսեցինք Արտաբույնք(Էրդափին) ՝ արդեն հարազատ դարձած գյուղից, որտեղ մեզ ջերմ ընդունեցին և իհարկե սովորող-դասավանդողների խումբ միացավ միասնական վերելքին: Ճանապարհը համեմված էր հետաքրքիր պատմություններով, մեղրի և խնձորի համտեսումով հենց Արտաբույնք գետի հոտվում, ինչպես նաև առիթ ու պատիվ ունեցանք  ծանոթանալու Արտաբույնքի գյուղապետ՝ պարոն Սեդրակյանի, կամ ինչպես առավել հայտնի է ՝Սու Արմենի հետ, ով Արցախյան շարժման ժամանակ հաջողացրելէր խոցել ադրբեջանական Սու կործանիչը: Այս մասին, Ցաղաց քար բարձրանալիս, հպարտությամբ պատմեց: Ճանապարհը երկար էր, արևը՝ տիպիկ վայոցձորյան -կիզիչ, իսկ ահա տեսարանները ՝պարգևի պես մեկը մյուսին հաջորդելով գալիս էին ու կտավ դառնում հիշողությանդ անսպառ դարանում: Երբեմն մոռանում ես նկարել, որովհետև վայելում ես, երբեմն էլ ՝ հակառակը: Ցաղաց քարը, իսկական ուխտատեղի է՝ ամբողջ ճանապարհը խորհես, ներսդ նայես ու քայլես: Բաղկացած է միմյանցից մոտ 200 մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից: Ըստ Ստեփանոս Տարոնեցու, հուշարձանախումբը կառուցվել է 10-րդ դարում Աբաս Բագրատունու ժամանակ։ Եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։ Ցաղաց քարը եղել է միջնադարյան ուսումնական հաստատություն, այնտեղ սովորել են նկարչություն և կա վարկած անվան ընտրության հետ և կապ ունի ծաղկած քար անվան հետ, ինչը որոշ աղբյուրներում վիճելի հանգամանք է, քանի որ ստուգաբանորեն մի քանի բացատրություն ունի՝ մեկը մյուսին հակասող։ Եկեղեցին կառուցել է Բագրատունյաց թագավորության շրջանում: Շրջակայքում կան  ևս 2 եկեղեցիներ ՝ ավելի վաղ թվագրությամբ։

 

Webp.net-gifmaker.gif

Օրվա մասին պատմող ֆիլմը՝

Սմբատաբերդը բարձրանալը ավելի հեշտ տրվեց: Ճանապարհը կարճ էր, իսկ ահա տեսարանը՝ հավետ մնաց մտապատկերում մեր: Չափման միավորներն են քիչ, նկարագրող բոլորը բառերը, որ այդ  բարձրության հաղորդած հզորությունը փոխանցես: Ասելով չէ՝ տեսնելով է, զգալով է: Ամրոցի ավերակները գտնվում են Վարդենիսի լեռնաշղթայի հարավ-արևմտյան լեռնաբազուկներից մեկի գագաթային մասում` ծովի մակերևույթից մոտ 2000 մ բարձրության վրա: Բարձրաբերձ այդ լեռնաբազուկը հարավ-արևելքում եզերված է Եղեգիս գետի կիրճով, հյուսիս-արևմուտքում` Արտաբույնք գետի ձորով, և  այդ մասերում բերդը պաշտպանված է զառիթափ ու դժվարամատչելի լանջերով, իսկ հյուսիս-արևելքում այն աստիճանաբար ձուլվում է տեղանքին: Ամրոցի նման տեղադիրքը բերդապահներին հնարավորություն է ընձեռնել դիտարկելու շրջակա ձորերն ու լեռները` ժամանակին ահազանգելով մոտեցող թշնամիների մասին: Սմբատաբերդից ճանպարհ կա դեպի Եղեգիսի կիրճ, որտեղ մեզ սպասում էին մեքենաները: Իհարկե, ճանապարհը լավագույններից չէ, հատկապես երբ գլխավերևումդ որոտում է կայծակն, ու կախվել են թուխպերը: Արի ու տես՝  հաջողացրինք ու չթրջվեցինք:

Webp.net-gifmaker (3).gif

Երկրորդ օրվա մասին կարելի է անդադար պատմել: Այցս 4-րդն էր, իհարկե՝ այս անգամ գիշերումով: Անշուշտ Արատեսի բնության մասին կարելի է խոսել ու խոսել, որ կողմ պտտվում ես, բարիք է ու համեղագույն անտառային տեսականի՝ է՛լ դեղին ու կարմիր սալոր, է՛լ խնձոր ՝ անտառային գեղեցկուհի և գոլդեն(ոսկի) տեսակի, էլ մասուր, ալոճ, աղբյուրներից բխող սառնորակ ջուր: Գնա սար ու ճանապարհին վայելիր այս ամենը: Երկրորդ օրվա բարձունքները,  նախորդ օրը ՝խարույկի շուրջ հստակեցրինք մեր բարեկամներ ընկեր Գայի՝ Հերմոն գյուղի գյուղապետի և  ծնունդով Շատինցի, բայց Հերմոնում արդեն 20 տարի բնակություն հաստատած Տարոնի հետ: Վերջինս Արևմտյան և Հարավային դպրոցների արշավախմբերին ուղեկցեց Կալասար: Կալասարի գագաթին դեռ պահպանվում են բերդի պատերից որոշ հատվածներ: Ենթադրվում է, որ այս բերդը Սմբատաբերդից ավելի հին է, որի մասին է վկայում պահպանված պատերի մեջ շաղախի բացակայությունը: Բերդի տարածքում հաճախ են հանդիպում քարայծեր, որոնց տեսնելու բախտն ունեցանք, երբ հասանք Կալասարի գագաթ: Գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Վայոց ձորի լեռները, մասնավորապես Թեքսարի լեռների Սրկղոնք գագաթը և Վարդենիսի լեռների Սևաժայռ լեռը: Սևաժայռում մեր ընկերներն էին՝ Հյուսիսի և Արևելքի դպրոցներից, իրենց էլ ուղեկցում էր հմուտ և տարածքին քաջ տեղյակ, սեբաստացիների լավ բարեկամ՝ ընկեր Գայը:  Ինչպես վերևում նշեցի, Կալասարը հին բնակատեղի է, իր  բերդով, որից շատ քիչ հատված է պահպանվել: Բերդի ամենաբարձր կետն ունի 360 աստիճանի տեսադաշտ: Տարոնը, քաջատեղյակ լինելով տարածքին, հետդարձի ճանապարհին մեզ տարավ հին ադրբեջանական գերեզմանատեղի: Առաջին անգամ էի տեսնում ադրբեջանական տապանաքարեր: Բավականին լավ պահպանվել էին: Ճանապարհին բազմաթիվ անգամ հանդիպեցինք քարայծերի, արջերի և այլ կենդանիների ներկայության հետքերի: Ճանապարհը շատ արկածներով լի էր, որ անգամ չզգացինք՝ 08:00-ից  դուրս էինք եկել Արատեսից ու արդեն 17:00-էր է՝ գնալու ժամանակը:

Webp.net-gifmaker (2).gif

Անտառով վերելքը իր անփոխարինելի հմայքն ունի՝ անտառային բարիքներից օգտվելու անսահման հնարավորություն:  Արատեսյան սառնորակ աղբյուրների մասին կարելի է անվերջ ու անդադար խոսել,  կարծես ամեն բան բնությունը  ստեղծել է ճամփորդների համար՝ քայլես, հիանաս, հոգնես՝ խաղաղվես, ըմպես՝ զովանաս, քաղցես՝ հագենաս: Օրը այնքան լի էր անցուդարձով, պատկերաշատ, իսկ երեկոյան խարույկը զարդարանք էր, սպասված պահը բոլորի, երբ հավաքվում էինք տիարի շուրջ ու քննարկում-ասում-պատմում-կիսվում օրվա տպավորություններով, վերելքներով ու սեբաստացիական նոր աշխարհի բացահայտումներով:
Հ.Գ.- այստեղ է, որ տաքուկ շրջանում, իրար կիպ նստած մարդուկ-սեբաստացիկները իրենց տաքածաց սրտի պահոց խորքերից հանում են այն ամենը, ինչ վաղուց ցանկացել են ասել կրթահամալիրի տնօրենին, ով միշտ իհարկե մոտ է, միշտ լսող, բայց հիմա ՝ առավել, խարույկի կողքին ժամանակը կանգ է առնում, տաքանում ու դառնում հավերժ պտտվող շրջան:
Հատուկ պետք է նշեմ տոկուն տղաների թիմին, ովքեր երկու գիշեր վրանում անցկացրին, իսկ գիշերները Վայոց ձորում բացարձակ տաք չեն, ջերմաստիճանը սեպտեմբեր ամսին(գիշերը)կարող է հասնել +10/+8աստիճանի: Իհարկե, չհանգչող խարույկը, որի կրակը մշտավառ էր մեր ընկեր-վարորդ Արթուրի շնորհիվ, իսկական փրկություն էր նոր արթնացած-մսրածների համար: Մեկ ժամ էլ չէր անցնում ու արևը,  սարերի հետևեից բարձրանալով, շողարձակում էր ու Արատեսը խեղդում տապի մեջ, այնքան, որ լվացարանների ծորակի սառնորակ ջուրը կարծես տաքացուցիչով անցած լիներ: Անգամ արևայրուք ունենք, ոչ հասարակ՝ արատեսյան:

Երրօրդ օր: Եկեղեցին, որ բնությունն է: Արատեսն անհատնում է իր բացահայտված, բացահայտվող ու դեռ բացահայտվելիք աշխահրներով: Արթնացանք տիարի զիլ ձայնից: Այո, Արատեսում զարթուցիչները կարող են հանգստանալ, տիար կա: Պարզվեց, օրվա հայտնագործում ունեինք՝ լողալու հրաշալի վայր, դպրական կենտրոնին շատ մոտ,  ինչպես նաև ձոր տանող ճանապարհին մի հսկայական ժայռի հատված, ամբողջը նվիրական խաչերով ողողված-զարդարված: Նվիրական, հետաքրքիր փորվածքով խաչերը Արատեսում շատ են: Դրանք նույն դիմագիծն ունեին ինչպես եկեղեցու խաչերը: Իսկապես հուզիչ է, երբ պատկերացնում ես, որ մարդիկ իրենց նպատակների կատարումանն ի պատասխան, այս կերպ են փորձել շնորհակալություն հայտնել: Տեսնելու բան էր: Օրվա կարևոր հատվածը զբաղեցրեց նաև խոստացված մասրահավաքը: Մասրենու պակաս տարածքում չկա՝ ծփում է  Արատեսը կարմիր ծովի անուշ երանգով:

Եռօրյա ճամբարումն իր հետաքրքիր և յուրահատուկ տեղը զբաղեցրեց մյուս բոլոր ճամփորդությունների շարքում, չկար սովորող, ով իր համար նորի բացահայատումով չգնաց տուն:

Ստորև ներկայացնում եմ նաև դասավանդողների և սովորողների պատումները՝

Սյուզաննա Սարգսյան- Արևելյան դպրոցի արշավախմբի համակարգող

Ռիմա Քեքեջյան- Հյուսիսային դպրոցի  արշավախմբի համակարգող

Մարիամ Աղաբաբյան- Տեխնոլոգների խմբի համակարգող

Հասմիկ Պողոսյան — Հարավային դպրոցի արշավախմբի համակարգող

Քնարիկ Ներսիսյան- Տնից տուն․ Ճակատագրեր, մարդիկ

Ֆիլմ՝ Բնապատկերներ

Ֆիլմ՝ Արատեսյան դիմանկարներ

 

Համակարգումը՝ Սոնա Փափազյանի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s