Սեպտեմբերի 28-30-ը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 9-րդ և 10-րդ դասարանցնիներն անցկացրին Արատեսում։ Ճանապարհորդությունը եռակողմ էր՝ աստղագիտական-էկոլոգիական-հայրենագիտական։
Ճամբարին մասնակցում էին այն սովորողները, ովքեր առաջին անգամ պետք է ոտք դնեին Արատես, և նաև նրանք, ում տիար Բլեյանը պաշտոնապես անվանեց արատեսցի։
Օր 1
Առավոտյան ժամը 9-ին մենք շարժվեցինք մայր դպրոցի բակից։ Ճանապարհին հանդիպեցինք տիար Բլեյանին, ով մեզ մաղթեց բարի և գիտելիքներով լի ճանապարհ։ Մեր ճանապարհն անցնում էր․
Երևան-Մասիսի շրջան->Արարատի մարզ-> Վայոց ձոր->Եղեգիսի խոշորացված համայնք-> Արատես։
Ճանապարհը չես համարի կարճ, սակայն հետաքրքրություններով և տեղեկություններով, ընկերական պարզ ու հաճելի շրջապատում յուրաքանչյուր ճանապարհ էլ կարճ է թվում։
- Մեր առաջին կանգառն էր Պ․ Սևակի հուշաքարը, որտեղ լռությամբ հարգեցինք նրա հիշատակը։
Եղանակն այնպիսի տրամադրող էր, որ մտածում էի, երբեք չեմ ցանկանա գնալ այնտեղից։
- Երկրորդ կանգառը Եղեգիսում էր։ Քայլեցինք Զորաց եկեղեցի, որտեղ ընկեր Սամվելը հայրենագիտական-ազգագրական ծրագրի շրջանակներում պատմեց և տեղեկացրեց եկեղեցու պատմությունը, և այլ հետաքրքիր տեղեկություններ, որոնք քարացրել էին սովորողներին իրենց հետաքրքրությամբ։
- Երրորդ կանգառը մեր սիրելի Արատեսն էր, որտեղ պետք է անցկացնեինք երեք օր։
Տներում և մեծ ռազմական վրանում տեղավորվելուց հետո, մենք անցանք առօրյա աշխատանքներին, այն է՝ տարածքին ծանոթացմանը, մաքրմանը, հիգիենայի և կարգապահության մասին տեղեկացմանը:
Օրն անցկացրինք տարածքի մաքրության, սեփական «մշակույթի ստեղծման» աշխատանքներով։
Արատեսում ցերեկվա ժամերին նաև պատրաստվում էինք գիշերվա փայտի պաշարի հավաքմամբ։ Փայտի ձեռքբերման համար ոչ մի ծառ չէր կտրվում։ Հավաքում էինք բացառապես գետնին ընկած և ծառերի էտման հետևանքով կտրված փայտերը։
Գիշերն անցավ ամենաբուռն էմոցիաներով․ աստղադիտակով պետք է դիտումներ իրականացնեինք։ Կար նախատեսված հարթակ, որտեղ պետք է աստղադիտակ դրվեր։ Մենք մաքրեցինք տարածքն ու դարձրինք այն աշխարհի մեջ, բայց աշխարհից կտրված տարածք, որտեղ մուտք գործելով պետք է ընկղմվեինք երկնքի անսահմանության մեջ։ Մեր հարթակը շրջապատեցինք քարերով և անվանեցինք այն պատմական «կրոմլեխ» անունով։ Կրոմլեխները, դրանք քարե պարզագույն կոնստրուկցիաներ են, որոնք ունեն տիեզերք-երկինք կապի իմաստ։ Մուտք գործելով կրոմլեխի մեջ, մենք կտրվում ենք ողջ աշխարհից և մտովի տեղափոխվում երկինք։ Այսպես ստեղծվեց մեր հարթակը, որը, մեր աշխատանքների շնորհիվ ձեռք բերեց իր նշանակությունը։
Մինչև ուշ գիշեր Արամն ու Դավիթը, տիկին Նալբանդյանի հետ ուսումնասիրում էին աստղադիտակի կառուցվածքը և արդեն մի քանի կարևոր գործողություններից հետո, մենք կարող էինք հիանալ երկնքի հարստություններով։ Անասելի հրճվանք ապրեցինք․ մի կողմից անսպասելի ցուրտը, մյուս կողմից խոսակցությունների և զգացողությունների տարափը հետաքրքիր ու դրական մթնոլորտ էին ստեղծել։
Այսպես անցավ մեր Առաջին օրը։
Օր Երկրորդ։ «Կոմիտասյան» օրերի սպասումով։
Առավոտյան մեր վերկացի ժամը սահմանել էինք 7։00-ն։ Սպասվածից շուտ արթնանալով՝ սկսեցինք պատրաստվել՝ արդեն երկու ուղղությամբ․ նախ, պետք է իրականացնեինք մեր ծրագիրը, և երկրորդ պետք է Արատես ժամաներ «Կոմիտասյան օրերի» խումբը։Առավոտյան նախաճաշին հաջորդեց շրջայցը։ Մեր խմբով քայլեցինք դեպի Արատեսի վանքը, որտեղ ընկեր Սամվելը ներկայացրեց վանքի ողջ պատմությունը, նրա կառուցվածքը։ Զարմանալի էր, որ այդքան ժամանակ լուռ լսելուց հետո հարցերի տեղատարափ եղավ․ սովորողները այնքան էին հետաքրքրված վանքով, որ մի պահ մոռացել էին հետագա քայլարշավի մասին։
Վանքից դուրս եկանք և ուղղվեցինք դեպի Արատես գետը, որտեղ էլ սկսվեց մեր արևոտ օրվա զվարճալի մասը։ Տղաները, չնայած գետի սառը ջրին, անմիջապես սկսեցին՝ մեկը մյուսի հետևից շտապելով ջուրը մտնել։ Ընկեր Սամվելն ու տղաների մյուս խումբն այդ ժամանակ ուսումնասիրում էին կիրճն ու հարակից տարածքները, որտեղ հետագայում պետք է տեսնեինք ժայռափոր խաչեր, ինչն էլ հուշում էր, որ տեղում եղել է քրիստոնեական անապատ։
Դեպի կացարաններ ճանապարհը բավականին աղտոտված էր, և մենք մեր պարտքը համարեցինք այն մաքրել աղբից։ Արատեսյան կացարաններ վերադարձանք մեծ բավականություն ստացած։ Տեղում մի քանի շինարարական աշխատանքներ կատարելուց հետո նկատեցինք, որ մեզ է մոտենում երթուղայինը․ ժամանել էին մեր <<հյուրերը>>։
Մինչ նրանց գալը, մենք արդեն պատրաստել էինք սենյակները, վրանը, սեղաններն ու խարույկի փայտը։
Երեկոյան նախատեսված էր ժամերգություն Արատեսի վանքում։ Ժամը 7-ին մեր մեծ խմբով քայլեցինք դեպի վանքը, որի ճանապարհին տիար Բլեյանը պատմում էր ու ներկայացնում Արատեսը, արդեն իրականացման ճանապարհին գտնվող և գալիք ծրագրերը։ Ժամերգությունից հետո մեծ թեթևություն զգացի հոգումս, կարծես մի ամբողջ վանք նորից կենդանացավ։ Տիկին Նալբանդյանն անգամ նկատեց, որ, թերևս, մենք վերջին մի քանի տասնամյակի ընթացքում առաջին մարդիկ էինք, ովքեր երգեցին վանքում։ Փաստը հուզիչ է, այնպես չէ, իմ սիրելի ընթերցող։
Գիշերն անցավ կրակի մոտ։ Երգեր, կատակներ, խոսակցություններ և ծիծաղներ էին հնչում, իսկ կրակի լեզուներն այդ խոսակցությունները հասցնում էին մեր աստղերին, որոնք ժպտում էին երկնքում։
Օր երրորդ։ Գալիս ենք տուն։
Առավոտը սկսվեց քայլարշավով։ Տիարը ուղեկցեց մեզ դեպի Խաչոց ձոր, որի ճանապարհը բարդ էր, արկածներով լի։
Խաչոց ձորից բաժանվեցինք երկու խմբի․ մենք՝ դեպի Արատես, մյուս խումբը՝ դեպի Սմբատաբերդ։ Մի քանի ժամ անց պետք է հանդիպեինք Քարավանատանը, որը պատկանում էր Օրբելիներին։
Արատեսում մի քանի շինաշխատանքներ պետք է կատարեինք։
Աշխատանքներից հետո ճանապարհ ընկանք, որի առաջին կանգառն էր Օրբելիների քարավանատունը։
Մյուս կանգառն էր Հայրավանքը, որն այնքան սիրելի է դարձել մեզ համար։
Եվ ինչպես կարելի է ավարտել իմ գրռումն առանց խմբակային նկարի․․․Արատեսը կկարոտի մեզ, մենք՝ իրեն․․․մինչ նոր հանդիպում, Արատե՛ս։
Նյութի աղբյուրը՝ Լիլիթ Յախինյանի բլոգ