Արատեսի դպրական կենտրոնում, ինչպես նախորդ ամիսներին առաջիկա երկու ամիսներին ևս կշարունակվեն շինարարաբարեկարգման աշխատանքները՝ մասնավորապես ավարտին կհասցվի պանդոկին կից շինության տանիքը, ներսում կկառուցվի ցնցուղարան, զուգարան, իսկ մի մասում էլ կլինի մառան։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում վերջնական կավարտվեն պատուհանների վերանորոգման, տեղադրման աշխատանքները: Կտեղադրվի գեղարվեստի կացարանի մեծ պատուհանն ու պանդոկի պատուհանների ապակիները, ինչպես նաև պանդոկի՝ դեպի պատշգամբ տանող մետաղյա աստիճանները: Կկառուցվի պահեստի դեպի արևմուտք ընկած սենյակի հիգիենայի սենյակը:
Ակտիվ քննարկումների փուլ են մտել նաև Արատեսում ձիեր ունենալու, պահելու և խնամելու հարցերը, որոնց նույնպես կանդրադառնանք այս ամիսների ընթացքում։
Այս ամենին զուգահեռ Արատեսում ճամբարային կյանքը իր բնականոն հունով կընթանա: Դեռ չկան ապրիլ ամսվա հայտեր, սակայն մայիս ամսվա համար միջին դպրոցից հայտեր արդեն կան, որոնք կարող եք տեսնել դպրական կենտրոնի բլոգում:
Ընթացքի մեջ է նաև ապրիլի 27-ին տեղի ունենալիք հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի բաց լաբորատորիայի շրջանակներում դպրական կենտրոնի ներկայացման աշխատանքները, որը տեղի կունենա Արևելյան դպրոցում: