
Գրում եմ Արատեսից, կավարտեմ գիրս Արատեսում․․․․
Ինչպես գրում էր Ջ․ Ռոուլինգը՝ ժամանակն արագ է թռչում, երբ խոսում ես հետաքրքիր մարդու հետ, դանդաղ՝ երբ խոսակցությունը տհաճ է․․․
Իմ կարծիքով՝ Արատեսում չկա ժամանակ, կա պահ ու գիտակցում։ Եկել ենք երեկ, գնում ենք վաղը․ վերջ, ու թե քանի ժամ անցավ․․․ նույնիսկ ժամին չենք նայել։ Արատեսը տան նման է, եթե շատ ես եղել այստեղ, գիտես ամեն ծածուկ անցումն ու վայրը, գնում ես ու գալիս անկախ ժամանակից՝ ներքին պահանջով։
Ահա նման երեք օր էլ ունեցանք ձմռանը, այն ձմռանը, որ փախչելու ու պախկվելու կարիք կար, լեռների ու մաքուր օդի ընկերակցության, հարազատ դարձած Տարոնի ու սովորողների ծիծաղի ձայնի, որ այնքան անհրաժեշտ էր այս ձմռանը։
Ցուրտ ձմեռ է, իսկականներից․․․ քաղաքի համար անսովոր ծխի ու ճարճատուն փայտի հոտով ենք հետ գալու, մեզ չեն հասկանալու հագուստից եկող հոտի պատճառով, բայց գալու ենք, որ խորհուրդ տանք էլի գնալ Արատես։
Արատես ենք ժամանել դեկտեմբերի տասնմեկին ՝ ավագ դպրոցի 9,10, 11, 12- րդ դասարանցիների հետ։ Տարիքային մեծ ու փոքր բացատներով հանդերձ, բոլորն ունեին նույն նպատակը՝ ձմեռային Արատեսը տեսնելն էր։
Ճանապարհը նախատեսել էինք Սելիմով, բայց ձյունը փակել էր ճանապարհը, եկանք Արարատ-Վայոց ձոր ուղով, նորից ու նորից հիացանք ճանապարհի կանգառներով, սիրելի Զորաց եկեղեցում մեծ կանգառ ունեցանք։ Ինչպես բոլոր անգամները, այս անգամ էլ կային մասնակիցներ, ովքեր առաջին անգամ էին ծանոթանում Վայոց ձորի հետ, Զորաց եկեղեցու հետ, որն այնքան դուր եկավ բոլորին։
Հիասթափությունը զարմանքի արագ փոփոխությունով տեսանք, որ Արատեսում լիառատ ձյուն կա, այնինչ ամբողջ ճանապարհը խոր աշուն էր ապրում։
Արատեսը՝ իսկական ձմեռ
Տեղավորվեցինք, կարգի բերեցինք սենյակներն ու խոհանոցը։
-Տանը մարդիկ պիտի ապրեն, տունն անտերությունից կքանդվի․
Ամեն անգամ Արատես գալուց հիշում եմ այս արտահայտությունն ու ևս մեկ անգամ ինձ կարևոր զգում, որ գալիս եմ ապրելու Արատեսում, չնայած, որ Արատեսը անմարդ չի լինում։
Արատեսի վանք, կիրճ, գետ․․․շրջայցի սիրուն ուղիներն են, որոնք միշտ կկրկնենք։
Եղբոր նման, առավոտից մեզ զանգող ու <<բա ո՞ւր հասաք>> ասող Տարոնը դիմավորեց։ Տարոնի հետ ընկերներն էին, ովքեր լավ երգով ու երաժշտությամբ լցրին մեր օրը, բացահայտեցինիրենց։ Խոսեցինք, ու անցանք գործի։
Ձմեռային Արատեսում փայտը անհրաժեշտություն է, հաճելի աշխատանք։ Տղաներն անցան փայտի կոտրատման ու բաշխման, վառարանների դատարկման գործին։ Դեպի գեղարվեստի տնակ տանող ճանապարհը սղլիկ ու տոփանված ձյան պատճառով անանցանելի էր․ մեր 10-րդ դասարանցի Արմանը ուղղեց․ հիմա ճանապարհն անվտանգ է։
Վառարանները մաքրեցինք, փայտը չորացրինք վառվող վառարանի վրա, դրա համար էլ հիմա, երբ բոլորը քնած են, ես տաք սենյակում գրում եմ իմ տաք պատումը, որը, հուսով եմ, նախանձ կառաջացնի վայրկյան շուտ գալու Արատես։ Իմիջիայլոց, գալիք խմբի համար չոր ու լավ վառվող փայտեր ենք դասավորել սենյակներում։
Առավոտից մրգօղու հումքի մշակումն արեցինք, անցանք ջրագծով, որը նոր ու ավելի հարմար կդարձնի Արատեսը, արիշտայի ծիսական պատրաստությունը տեսանք՝ արատեսյան ավելուկով։
Երեկոյան սկսեցինք հանդիպում-քննարկումը <<Ազատ խոսքի ակումբի հետ>>․ նախատեսվածից շատ ավելի երկար տևեց․ հիմա բոլորն են մտածում, տեսնում, զգում այն, ինչ զգում է յուրաքանչյուրը։ Սովորողները գերտեղեկացված են յուրաքանչյուր հարցում․ հետաքրքիր է լսել։ Ակումբի գործունեությունից հետո որոշեցինք տաքանալ ու մարզել ինքներս մեզ։ Դուրս եկանք զբոսանք-խաղի։ Հետաքրքիր է լսել, թե ինչ խաղեր են առաջարկում սովորողները․․․ հալամուլայից մինչև նորագույն խաղեր։ Իհարկե, փորձեցինք բոլորն էլ, տաքացանք ու էլ փայտն ու կրակն առաջնայինը չէին, մեր արյունն ու մենք էինք։
Վաղը պիտի վերադառնանք տուն, իսկ օրերն այնքան արագ են թռչում․․․ ժամ, րոպե, կորցրել են իրենց նշանակությունը։
<<էլի կգանք ու հինգ օրով>> <<ամառն էլ կգանք, որ տարբերությունը զգանք>> <<եկեք վաղն էլ մնանք>> <<ես էլ տուն չեմ ուզում, նոր կյանքին սովորել եմ>>․․․տեսնենք ․․․․
Արդեն տասնյակից ավել անգամ եղել եմ Արատեսում, ու սեփական տանս նման ամեն նորությունից ուրախանում եմ։ Սովորողներին էլ պատմում, որ Արատեսը եղել է ․․․․ ու հիմա այսպիսինն է։
Կգանք․․․
Նկարաշարը՝









Նյութի աղբյուրը՝ Լիլիթ Յախինյանի բլոգ