
2020 թվականը Արատեսի դպրական կենտրոնի համար բեկումնային էր՝ լավ իմաստով: Կարևոր նախագծերից նշում եմ այն, որ Արատեսը մեղվաընտանիքների հարմար դարձավ հանգրվան: Արատես այցելող խմբերին հնարավորություն ընձեռնվեց ինչ-որ չափով ծանոթանալ մեղվաբուծությանը, տեսնել թե ինչպես է ստեղծվում մեղրը և թե ինչ հրաշք մասնագիտություն է այն:
Ճամբարային նախագծերը բազմաթիվ էին և բազմազան: Հատկապես կարևորում եմ այն նախագծերը, որոնք իրենց մեջ պարունակում են քայլարշավներ տարբեր պատմամշակույթային վայրերով, գետով, կիրճով կամ դեպի ինչ որ նշանակետ: Շատ էին դեպի Սմբատաբերդ քայլարշավները, իսկ նա ով եղել է Արատեսում, բայց չի եղել Սմբատաբերդի բարձունքում ու չի վայելել շքեղ տեսարանը, ուրեմն նա լավ չգիտի ինչ բան է հայրենիքը: Հատկապես տաք եղանակներին կարևոր էր, որ Արատես մեկնելու և հետադարձի ճանապարհները տարբեր էին, քանի որ երկու դեպքում էլ հիանալու և շշմելու վայրեր կան:
Այս տարի դպրական կենտրոնում կարևոր շինբարեկարգման աշխատանքներ ընթացան: Սալապատվեցին բոլոր կացարանների պատշգամբները, ցեմենտ բետոնով ամրացվեցին պատերը, մեծ ուշադրություն դարձվեց հարավային թաղամասի՝ պանդոկի և սիրո անկյան կացարանների վրա: Տեղադրվեց վերջինի արևային տաքացուցիչը և կարևոր աշխատանքներ կատարվեցին: Այս ամենից զատ ամենակերևոր աշխատանք եմ համարում Արատեսի հիմնական ջրագծի կառուցումը: Այն կատարվեց Գայ Օհանյանի ջանքերով, ջուրը վերցվեց հյուսիս արևելյան խմելու ջրի աղբյուրից և պլաստամասե 75 մմ տրամագիծ ունեցող խողովակով հասավ կենտրոն: Այստեղից այն բաժանվեց բոլոր տներին, տեղադրվեց բացօթյա լվացարաններ և հանձնվեց շահագործման:
Ոչ պակաս կարևոր եմ համարում մրգատու ծառերի խնամքը, ջրելը, որի արդյունքում ունեցանք սպասվածից մեծ քանակությամբ խնձոր և այլ մրգեր, որոնք ոչ միայն հավաքեցինք ուտելու համար, այլև սովորողներն իրենց խմբերի ղեկավարների հետ պատրաստեցին կոմպոտներ, մուրաբաներ:
2021 թվականի անելիքներից եմ համարում սիրերգության տան վերանորոգման աշխատանքները ավարտին հասցնելը, հիգիենայի սենյակը, ցնցուղարան-զուգարանների ավելի արդյունավետ դարձնելը՝ փոքրիկ ձևափոխումներով, պահեստի տանիքի փոխարինումը՝ նոր թիթեղյա ծածկով, էլեկտրասյուների փոխարինումը, մեղվաբույծի տան ձեղնահարկի կառուցումն ու շահագործումը և այլ հարակից աշխատանքներ: