
Երեկ՝ մայիսի 14-ին, Գագարին կլաստերի բնակավայրերում «Մաքրումի օր» նախագծի ավարտին աշխատանքային խմբով եղանք Արատեսում: Սևանից Արատես ամենակարճ և տեսարժան ճանապարհը՝ իհարկե, Վարդենյանց լեռնանցքով է: Ճանապարհը ցրտաշունչ ձմռան և երկարարատև ձյան պատճառով մի քանի հատվածներում փոքր ինչ անբարեկարգ էր դարձել, մասնավորապես Գեղհովիտի տարածքում: Լեռնանցքի ավտոճանապարհը ընդհանուր առմամբ չէր վնասվել: Ի տարբերություն տարվա այլ եղանակների, գարնան այս շրջանում Արագիճի գետի ավազանը և դաշտերը մարդաշատ էին: Մարդիկ օգտվում էին բնության բարիքներից՝ հավաքելով տարատեսակ բուսատեսակներ:
Արատեսում գարունը մեկ ամսից քիչ կլինի, որ մտել է իր դերի մեջ: Խոտը նոր դուրս է եկել, ծառերը սկսել են ծաղկել, մեղուները աշխատել: Տարածքը մաքուր էր, խնամված: Այնտեղ գտնվում էր և՛ ռազմամարզական ճամբարը՝ իր բազմամարդ մասնակիցներով, և՛ հայրենագիտական ճամբարը՝ կրտսեր դպրոցի սովորողներվ: Տիար Բլեյանի հետ քայլեցինք կացարաններով և որոշ կարևոր ու շտապ որոշումներ կայացրեցինք, որոնք պետք է շտկել՝ ի նպաստ ճամբարականի: Սովորողների խմբի հետ ընտրեցինք և փորեցինք տնկարանի համար նախատեսված տեղը, իսկ սերմերը կցանվեն մի քանի օրվա ընթացքում: Արատեսում կատարվող իրադարձություններին ավելի հանգամանալից և դետալային կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական ֆեյսբուքյան էջում: