Արատեսը՝ կենդանի Գլաձոր

1-237x190

Ի բազում ամայ տենչեցեալ եմ այսմ իրագործութեան…

Ստ. Օրբելյան

Եղեգնաձորի «Վերելք» թերթ։ 1989թ.

Վերահրապարակվել է «Գարուն» ամսագրի 1990թ. 8-րդ համարում

Այսօր արդեն հանրապետությունում մեծ ճանաչում է վայելում Երևանի Մ. Սեբաստացու անվան փորձարարական դպրոցը: Իսկ ովքեր ուզում են ճշտել, թե դա իսկապես որ դպրոցն է, որ այդքան շատ հետաքրքրություն ու կրքեր է արթնացրել, ավելի տեղյակները ասում են՝ դա Աշոտ Բլեյանի դպրոցն է:

 

Օրերս Եղեգնաձորում հյուր էին դպրոցի մի խումբ մանկավարժներ՝ տնօրենի ուղեկցությամբ: Հանդիպումներն ու սեմինար պարապմունքներն անցան հետաքրքիր ու տպավորիչ:

Աշոտ Բլեյանը եղավ խմբագրությունում և հանձնեց հատուկ «Վերելք»-ի համար գրված իր հոդվածը: Նա չմերժեց նաև սրտի խոսք ասել մեր ընթերցողին, որը սիրով ներկայացնում ենք։

«Անուշացնել է պետք կրթությունը, որպեսզի բոլոր մանուկները սիրով գան դպրոց: Վստահե՞մ քեզ, իմ ընթերցո՛ղ, իմ ամենանվիրական տենչանքը: Ազգովին ոտքի կանգնեցնենք մեր նոր ավանդական հայոց դպրոցը, որ ինչպես միջնադարի մեծ դպիրները՝ դիմավորենք յուրաքանչյուր ծնողի այսպես. «Թող մեզ քո երեխային, այսուհետև նրա կյանքի համար մենք ենք երաշխավոր»:

Զարմանալի է, չէ՞… Եղե՞լ է իրավ Գլաձորի բարձր դպրոցը: Գլաձորի ժամանակակիցներն ու դպրոցի սաներն ասում են այո՝ որպես «երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք ամենայն իմաստից», «գլուխ դպրոցաց», «Մեծ դպրատուն», «գերհռչակ համալսարան»: Իր 60-ամյա գոյության ընթացքում Գլաձորը տվել է բարեկիրթ և հայրենասեր մտավորականների ընտիր մի սերունդ, որը 13-րդ դարի վերջին և 14-րդ դարի առաջին կեսին՝ հայ ժողովրդի պատմության այդ ծանր տարիներին, ոչ միայն ոչնչացումից փրկել է անցյալի հայ մատենագիտության շատ ու շատ մեծարժեք գործեր, այլև ծանրակշիռ ներդրումներով հարստացրել է հայոց հոգևոր ժառանգությունը: Եղել է, իհարկե, Գլաձորի համալսարանը, եթե նրա երախտահիշատակասան Ստ. Օրբելյանը այն համարում է Հայաստան աշխարհի «արեգակնափայլ և երկնահանդես, գերհռչակ, հոյակապ և մեծաշուք» ուխտ: Նույն համալսարանի սաներից են պատմիչներ Հովհան Օրբելյանը ու Ստեփանոս Տարսայիճը, Տաթևի համալսարանի ուսուցչապետ Հովհան Որոտնեցին, Հերմոնի դպրոցի րաբունապետ Տիրատուրը, Նորավանքի ուսուցչապետ Կյուրիոնը, մատենագիրներ Մխիթար Սասնեցին ու Հովհաննես Արճիշեցին, գանձասաց Կիրակոս Երզնկացին…

Բավ է: Ինչքա՞ն պիտի մեզ օրորենք մեր փառահեղ պատմությամբ: Ինձ իրեղեն Գլաձորը պարզեք: Մի՛ տարեք նորից Վերնաշենի թանգարան ու Թանահատ, կենդանի Գլաձորը մատնացույց արեք: Թող որ ոչ ամբողջական, թող որ այսօր շարունակվող ու զարգացող Գլաձորի ավանդների ձևով, ապրող ու ժողովուրդ ապրեցնող Գլաձորը ցույց տվեք:

Որքանո՞վ են այսօրվա մեր դպրոցները Գլաձորի դպրոցի շարունակությունը, նրա կրթական արժեքների ժառանգորդը: Մտնենք Եղեգնաձորի շրջանի լավագույն դպրոցները, ծանոթանանք դրանց կրթական կերպին, ծրագրերին, դասագրքերին: Կա՞ մեր այսօրվա դպրոցի մեջ Գլաձորը: Ինչպիսի՞ հոգևոր հարազատություն կա Գլաձորի դպրոցի ու մեր այսօրվա դպրոցի մեջ: Որքանո՞վ ենք այսօրվա ուսուցիչներս Գլաձորի «յաստուածազգեաց և յաշխարհալոյս» րաբունապետ Ներսես Մշեցու, «տիեզերալոյս րաբունապետ» Եսայի Նչեցու, «սուրբ ու բազմերջանիկ քաջ հռետորաց Հայոց» Դավիթ Սասնեցու, «նուաստ և յետինս իր բանասիրաց Տիրատուր րաբունի» օրինական ժառանգներն ու նրանց գործի շարունակողները:

Գլաձորի դպրոցը, Եվրոպայի առաջին՝ Փարիզի ու Պրագայի համալսարանների ժամանակակիցը, ինքնուրույն առաջավոր կրթական քաղաքականություն էր մշակում ու ներդնում՝ «Արիստոտելի իմաստասիրական ծառ» անունով հայտնի սխեման, «յոթ ազատ արվեստներ» անունով հայտնի առարկաների խումբը և այլն: Մենք յոթանասուն տարի անընդհատ մոսկովյան կրթական ծրագրեր ու կառուցվածքներ պատճենելուց հետո նոր-նոր խելքի ենք գալիս…Կիրակոս Բանասերի վկայությամբ, Թովմա Մեծոփեցին Գլաձորի համալսարանում ուսումնասիրել է Աստվածաշնչի 72 գրքերը: Մենք խորհրդային դպրոցում հավաքեցինք «երկրային արքայության մարգարիտները» և հանձնեցինք հրին, անհոգի մեծացնելով անհավատ-անաստված-գյավուրների տասնյակ սերունդներ: Գլաձորի համալսարանում սովոր և անգիր իմացել են «Վիպասական պատմագրաց» հիսունմեկ աշխատություն և  անտիկ ու վաղ քրիստոնեական շրջանի փիլիսոփաների բոլոր նշանավոր գործերը: Խորհրդային դպրոցը դրանց փոխարինեց ԽՍՀՄ կեղծ պատմությամբ ու չգիտես որտեղից վերցրած գիտական կոմունիզմով: Մինչ Եվրոպական համալսարաններն ու դպրոցները հեշտության համար կրթությունը մինչև 16-րդ դար տանում էին լատիներենով: Գլաձորի, մեր միջնադարի բոլոր դպրոցների կրթության լեզուն մայրենին էր. դպիրներն ու դպրապետերը տիտանական ջանքերի ու զոհողությունների գնալով լատիններից, հունարենից ու ասորերներից փութաջանորեն թարգմանում էին բոլոր նշանավոր երկերը, դրան զուգահեռ ինքնուրույն ստեղծելով երաժշտական, գրչության արվեստի, քերականության, տոմարագիտության ուսումնականձեռնարկներ: Իսկ մեր հայացքը նորից Մոսկվային է ուղղված՝ կենտրոնին, թե երբ նա մեզ կհրամցնի վերափոխված ու կատարելագործված նոր դպրոցի նորագույն դասագրքերն ու ծրագրերը… Ոնց չէ՞, սպասեք, կստանաք:

Գլաձորը հոգևոր ու կրթական ակունք էր: Ամբարելով իր մեջ իր ժամանակի ու հայ իրականության կենսատու ավիշը, նա տասնամյակներ շարունակ հոգեպես անում էր ամբողջ Սյունյաց աշխարհը, հովանավորում ու պատճառ դառնում կրթական նոր կենտրոնների, ուսուցիչներ ու ծրագրեր պատրաստում թեմի եկեղեցական ծխական դպրոցների համար: Խորհրդահայ կրթական համակարգը զրկեց իրեն կենսական ակնունքերից, դիմազրկեց ուսուցիչներին ու դպորցներին, մեկուսացրեց դպրոցները միմյանցից, ստեղծելով արհեստական ու ոչ կենսատու կենտրոններ՝ ժողկրթբաժնի, մեթոդկաբինետների ու մինիստրության ձևով:

Անհավատալի է, բայց փաստ է. մայրաքաղաքում Երևանի մեկուկես հազար աշակերտ ունեցող դպրոցի ու լեռան ստորոտին ծվարած մի կերպ հարյուրի չափ աշակերտ հավաքած գյուղական դպրոցը, եթե տարբերվում են իրարից, ապա երևի միայն շենքով՝ նույնն են ուսումնական ծրագրերն ու դասագրքրեը, կրթական հեռակա ու մոտակա խնդիրները, ուսումնական խնդիրները, ուսումնական պլանները, ուսուցիչները: Մեր երեխաների կրթության ձևն ու բովանդակությունը չի ծնվում իրական պայմաններում, չի թելադրվում ազգային ավանդներով, այսօրվա դպրոցը շարունակում է հողից ու ժողովրդից խորթացնել սերունդ սերնդի ետևից:

Վերջերս շատ է խոսվել ազգային դպրոցի ու ազգային կրթության մասին: Բարի-բարի ցանկություններով հայոց դպրոցը չի ստեղծվում: Մայրենի լեզվի, հայ ժողովրդի պատմության ու երգ-երաժշտության ժամերի ավելացումով մեր երեխաների ազգային կրթությունը չի վարելավվի: Օտար լեզվով գրված կամ օտար իրականության մեջ ծնված, օտար կրթություն ստացած կամ արհեստական միջավայրում ծնված դասագրքերն ու ծրագրերը օտարել են երեխայի իր հող ու ջրից, աշխարհագրական այս կտորում իր նախնյաց կողմից տքնանքով ստեղծված և քանի սերունդ փոխանցված մշակությից: Երեխան չիմանա՞ իր դիմացի սարի անունը, մոտակա բլրի հետ կապված ավանդույթը, իրեն սնող անտառի, դաշտի, ծառ ու թփի անունը: Ով թերթել է խորհրդահայ շրջանում ստեղծված աշխարհագրության, պատմության, երաժշտության, հայրենի բնության, բնագիտության, գրականության ու լեզվի դասագրքրեը, նա գիտի, թե դրանց միջոցով ինչպիսի աղետ է ծրագրվել մեր ու մեր երեխաների գլխին:

Խորհրդահայ դպրոցն այսօր ծրագրերի, դասագրքերի, կրթական մոտեցումների բովանդակային-խորքային արմատական լուծումների կարիք ունի: Տեսեք:

Գրչության արվեստի ուսուցման նախապատրաստությունը պատկանում է Երասխաձորի դպրոցին: Բագրևանդի Արշակունյաց Աշոտ 6-րդ դարում յուրացրեց գրչության արվեստը և պատրաստեց «հյուլք աշակերտաց»: Նչեցու և Գրիգոր Տաթևացու դպրոցում գրչության արվեստը ուսուցանվում էր առանձին ֆակուլտետում, որի համար Նչեցին և Տաթևացին հատուկ դասագիրք էին կազմել: 19-րդ, 20-րդ դարի հայոց դպրոցում գրչության արվեստը ներկայանում է վայելչագրության, գեղագրության տեսքով: Խորհրդահայ դպրոցում գրչության արվեստը մեռավ: Հիմա աջ ու ձախ պահանջում են դպրոցում կենդանացել այդ արվեստը: Հրաշալի է: Բայց պատկերացնո՞ւմ եք այն տիտանական աշխատանքը, որը պիտի արվի. հազարամյա ցաք ու ցրիվ ամբողջ նյութը հավաքի, դասակարգվի, ամբողջացվի, իմաստավորվի, գրչության արվեստ ավանդելու ունակ դպիրներ պատրաստվի: Ո՞վ պիտի անի, ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ միջոցներով: Նայեք երգ-երաժշտության մեր այսօրվա դասագրքերին ու երաժշտական կրթության դպրոցական համակարգին: Ահավոր է: Իսկ հիմա լսեք միջնադարի «վարաժպետ ամենայն հայոցի» աշակերտի վկայությունը. «Ուսուցանեն զնախկին երգիչ վարդապետաց զերաժշութիւնս՝ քաղցրալուր ձայնի եղանակաւ, մինչև անգամ յամենայն երկրէ եւ ի քաղաքաց եկեալ, պարապէին առ ոտս նորա»: Հիմա փորձենք կամուրջներ գցել Տաթևացու և մեր այսօրվա դպրոցների միջև: Գլաձորի և Տաթևի դպրոցներում երաժշտական կրթությունը կրթության բաղկացուցիչ մասն էր. երաժշտությունն ու մայրենի լեզուն նույն կշիռն ունեին: Խորհրդահայ դպրոցը ազգային երաժշտական կրթությունը վտարեց դպրոցից, դպրոցը ողողելով օտարածին ու անճաշակ երգերով: Ճանապարհ կա անցնելու, մեծ ճանապարհ: Վաղուց պետք էր, որ պարը դառնար հանրակրթական առարկա, մտներ դպրոց, որ պարեր ամբողջ դպրոցը: Իսկ մեր ուժը առայժմ ներում է խմբեր պահպանելուն: Ի՞նչ ազգային դպրոց առանց ազգային պարի: Այո, բայց ինչքա՜ն գործ կա այս ճանապարհին՝ գործող բոլոր պարի խմբերի բոլոր պարերի տեսանկարահանում, Հայաստանով մեր ժողովրդական պարեր իմացողների տեսանկարահանում, պարուսույցների ու երաժիշտների պատրաստում. որը՞ թվես: «Բերնեն ականջ շատ կարճ է, խոսքեն գործ շատ երկար» (Կոմիտաս):

Գլաձորը երկնային պարգև չէր: Մինչև Գլաձորի հիմնադրումը Սյունիքն ուներ դպրոցական կյանքի հին և հարուստ ավանդներ: Ահա, Մաշտոցի կամոք Ծղուկ գավառի Շաղաթ գյուղաքաղաքում ծնված դպրոցը: Պետրոս Քերթող դպիրի, Մաթոսաղա Սյունեցի ուսուցչապետի ջանքերով այն արդեն 8-րդ դարում վերածվեց բարձր դպրոցի: 8-րդ դարում այստեղ են կրթություն ստացել Մովսես Քերթող Սյունեցին և նրա նշանավոր աշակերտ գիտնական Ստեփանոս Սյունեցին, որը երաժշտություն է դասավանդել Շաղաթի դպրոցում: Շաղաթի դպրոցից բացի, Սյունիքում գործել են նաև ուրիշ դպրոցներ: Եվ կրթական կենսատու միջավայրում ժայթքել է Գլաձորի հրաշքը:

Գլաձորը չմեռավ: Այն սնեց և կանխորոշեց ծնունդը միջնադարյան մի քանի նշանավոր դպրոցների: Գլաձորի դպրոցի սան Հովհան Որոտնեցու հիմնած Տաթևի դպրոցը Գլաձորի բնական շարունակությունն էր ու զարգացումը, նրա օրինական հետնորդը:

Այո, մեր այսօրվա ավերված հոգևոր աշխարհը ուղղելու է առողջ ազգային Դպրոցը: Իմաստուն չէ, իրատես լինենք: Ինչպես Հայոց, նույնպես և Վայոց Ձորի այսօրվա քանդված դպրոցները մեկեն ոտքի չեն կանգնելու: Անհնար է: Չեն բավականացնի ոչ միայն նյութական միջոցները, այլև մեր հոգևոր ուժերը: Մինոր կենդանի Գլաձոր կամ Տաթև է պետք, կրթական համակարգը անընդհատ ու առողջ սնող Ակունք-Դպրական կենտրոն, որը կամբարի ու կզարգացնի շրջանի մշակութային ու դպրական ավանդները, կպահպանի-կձևավորի շրջանի մշակութային ու սոցիալական ինքնատիպությունը, կկրի շրջանի հոգևոր ու մտավոր պոտենցիալը, կսնի շրջանի կրթական ցանցը կենարար ավիշով:

Եղեգիսի կիրճի Արատես գյուղը կարճ ժամանակում վերածել գյուղ-դպրոցի, մեր օրերի Գլաձորի: Արատեսում հավաքագրելով-կենտրոնացնելով կրթական արժեքներ ստեղծելու ունակ ուսուցչին ու մտավորականին, կարճ ժամանակում ստեղծել դպիր-համախոհների միաբանություն, գյուղը վերածել դպրական կենտրոնի: Արատեսում հիմնել Վայոց Ձորի Ավագ կամ Բարձր եռամյա դպրոցը, խիստ ընտրությամբ ընդունելով շրջանի ամենաուսումնատենչ պատանիներին: Կրթության բովանդակությունն ու ձևը աճեցնել ուսուցչի հետ՝ դպրոցում: Մանկավարժական գիտության մթնոլորտում՝ դպրոցական կյանքում, ուսուցչից թրծել դպիր: Հետազոտող-ուսուցիչներին՝ դպիրներին, ընկղմել մանկավարժական պրակտիկայի ծովը և ընդերքից հանել մեզ այսօր այնքան անհրաժեշտ հայոց նոր Դպրոցը՝ իր դասագրքերով ու ծրագրերով, կրթական ոգով:

Ահա այսպիսի ծրագրով այս տարվա մայիս ամսին մենք եկանք Եղեգնաձոր: Ի մեծ ուրախություն մեզ կուսակցության շրջկոմի առաջին քարտուղար Թարվերդյանի և գործադիր կոմիտեի նախագահ Մելանյա Դովլաթյանի հետ ծրագրերի քննարկումը վերածվեց գործընկերների շահագրգիռ խոսակցության: ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը նախանձելի գործնական ու հատու գտնվեց: ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը ընդառաջելով Եղեգնաձորի շրջանի և ՀԽՍՀ ժողկրթության նախարարության միջնորդությանը ս. թ. սեպտեմբերի 7-ին Հ. 412 հրամանով Արատես գյուղը հանձնեց Մխիթար Սեբաստացի կրթօջախի (Երևանի նախկին Հ. 183 փորձառական դպրոց) տնօրինաությանը՝ վերոհիշյալ մանկավարժական ծրագրի հեղինակներին:

Ինչո՞ւ ընտրվեց Վայոց Ձորի Արատես գյուղը:

Գողտրիկ լեռնային գյուղ, խաղաղ ու գեղեցիկ, իր գետով, դեպի կիրճը վազող առուներով, շրջապատի սարերին ու լանջերին ձուլված իր համայնապատկերներով: Պատմական հայոց գյուղ իր սքանչելի առհավատչյայով՝ 13-րդ դարի ծնունդ Արատեսի եկեղեցիով: Լքված գյուղ, որի վերջին բնակիչները մեկնել են Ադրբեջան:

Մեր առաջին զրույցի ժամանակ, երբ ես ոգևորված պատմում էի մեր ծրագրերի մասին, շրջխորհդի գործադիր կոմիտեի նախագահ տիկին Դովլաթյանը ճշգրիտ ձևակերպեց. «Ես մեր Արատես գյուղը տեսնում եմ Մխիթարյան Միաբանների Սուրբ Ղազար կղզու տեսքով»: Այո, մեզ այսօր դպրական կենտրոն է հարկավոր Սուրբ Ղազարի օրինակով, որը մեծապես կօգնի մեր ազգային դպրոցի կանգնելուն:

Ինչո՞ւ մենք: Երևանի նախկին Հ. 183 փորձառական դպրոցը այսօր գործում է հանրապետական ենթակայության հանրակրթական փորձառական գիտաարտադրական համալիր-կրթօջախի տեսքով: Մեր կրթօջախը ինքնուրույն կրթական քաղաքականություն է իրականացնում, ունենալով օժտված և նվիրյալ ուսուցիչների հզոր միաբանություն, որտեղ գլխավոր ուժը երիտասարդ տղամարդ-դպիրների մեծ խումբն է: Գործին մեծ նպաստ կբերեն նաև մեր կրթօջապի համբավը հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, հատկապես Սփյուռքում, մեր կրթօջախի գործնական ամենալայն կարապետը հանրապետության ստեղծագործական և գիտական մտավորականության հայկական «Բարեգործական», մշակույթի և Մանկական ֆոնդերի հետ:

Ինչպե՞ս ենք առաջ տանելու այսպիսի ծավալուն գաղափարը: Թանկ գաղափար է: Մենք ոչինչ չենք խնայելու: Տեղն է, ասենք. դպրոցական կրթության բարելավման մասին վնասակար է խոսել, եթե ժամանակ ու փող չունենք: Գլաձորի ստեղծման պատմությունը շատ ուսանելի ու օգտակար է այսօր Արատեսիվերակերտման ճանապարհին: Տեսեք:

Թանահատի վանքը մինչև համալսարանի հիմնադրումը հայ մշակությի աչքի ընկնող օջախներից է եղել: Այստեղ գործել է դպրոց, ուր զբաղվել են գիտությամբ, ընդօրինակել են ձեռագրեր, հայտնի է եղել Խաչատուր փիլիսոփան: Արատեսում Թանահատի վանքի դպիր-միաբանների գործը տանելու են մեր կրթօջախի այն նվիրյալները, որոնք արդեն տեղափոխվել են Արատես:

Թանահատի Ս. Ստեփանոս տաճարի կառուցումը 1279 թ. ավարտելուց ձեռնամուխ են եղել համալսարանի հիմադրմանը: ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի մշակույթի հուշարձանների պահպանման ու օգտագործման վարչության աշխատակիցները ավարտում են Արտես վանքի չափագրման աշխատանքները: Ուզում ենքհավատալ, որ վարչությունը ամենաբարեխիղճ ձևով կձեռնարկի վանքի վերականգման աշխատանքները: Ավագ դպրոցի ու դպրական կենտրոնի ճարտարապետական նախագծի հեղինակը ծագումով եղեգնաձորցի ճարտարապետ Համլետ Խաչատրյանն է, որը աշխատում է ճարտարապետների միջազգային ակադեմայի հովանավորությամբ: Գյուղը կառուցապատվելու է բացառապես մեկ հարկանի տներով՝ Վայոց Ձորի լավագույն շինարարական ավանդների առավելագույն օգտագործմամբ: Ավարտուն վիճակում գյուղ-դպրոցը պիտի Վայոց Ձորի ճարտարապետական անսամբլի օգնական մասը դառնա: Պետք կլինի օժտված քարտաշներ, փայտագործներ, մետաղագործներ: Կառույցի նախնական նախագծային-նախահաշվային արժեքը 5 մլն. ռուբլի է: Լավ է, որ ՀԽՍՀ կառավարությունը համաձայնել է ֆինանսավորել շինարարությունը: Գլաձորի տաճարի շինանարարությունը և համալսարանի հիմնադրումը անհնար կլինի առանց նվիրյալ մեկենասների՝ հովանավորների: Չէր լինի Գլաձորը առանց Օրբելյան և Խաղբակյան  իշխանական տների, Սյունիքի հոգևոր առաջնորդարանի, Վայոց Ձորի ժողովրդի նյութական ու հոգևոր առաջնորդարանի, Վայոց Ձորի ժողովրդի նյութական ու հոգևոր մշտական օգնության: Գլաձորի մասին խոսելիս նրա հիմնադիր րաբունապետներ Ներսես Մշեցու և Եսայի Նչեցու կողքին պիտի անպայման հիշատակենք Օրբելյան իշխանական տան «ամենից օրհնված և ամենից գովելի» Սմբատ Օրբելյանին, «Սուրբ մենարանի տեր և իշխեցող» Խաղբակյան (Պռոշյան) իշխանական տնից «աշխարհաշեն» Պռոշին: Տաճարի կառուցումից հետո նրան տվել են բազմաթիվնվերներ՝ վարելահողեր, այգիներ և դրամ, որոնք նշված են տաճարի պատերին փորագրված աղբյուրագրություններում: Նվիրատուների թվում են ամիր Հասանիկին Թաճերը, Խազաշի դուստր Խաթունը, Սիմեանասը, Սանաճարը, Մխիթարի դուստր Թաճմելիքը, Ասլան Ափան և ուրիշներ: Անմոռանալի է Սյունիքի հոգևոր առաջնորդ, պատմիչ Ստեփանոս Օրբելյանի ներդնումը:

Ի՞նչ միջոցներով է կանգնեցվելու Արատեսը:  

Առանց պետական հզոր հովանավորության Արատեսը չի կանգնի: Արատեսը չի կանգնի նաև առանց Վայոց Ձորի ժողովրդի գործնական խանդավառության, առանց ձեռնարկությունների ղեկավարների շահագրգիռ մասնակցության: Ընդունելի է և նվիրական ամեն տեսակի օգնություն՝ դրամական նվիրատվություններից սկսած մինչև շինանյութերի և մեխանիզմների հայթայթումը: Բնակսոցբանկի Երևան քաղաքի Շահումյանի շրջանային բաժանմունքի մեր հաշվարկային համարն է 122216:

Գլաձորը վանք չէր սովորական մտքով, ինչպես Գեղարդը կամ Կեչառիսը, ուր նույնպես վարժապետներ կային և որոնք աշակերտներ ունեին: Գլաձորը գերազանցորեն դպրոց էր. այստեղ գալիս էին միայն ուսանելու, կատարելագործվելու և դպրական-գիտական աշխատանք կատարելու: Արատեսը գերազանցորեն դպրական կենտրոն է լինելու՝ Բարձր դպրոց: Մնացյալը ամեն ինչ պիտի ենթարկվի այս գաղափարին: Գյուղը կունենա իր ագարակատերը՝ իր 5-6 մենատնտեսներին, որոնք պիտի մթերքներով ապահովեն միաբան-ուսուցիչներին ու դպրոցի սաներին: Գյուղում կկազմակերպվի ազգային կահույքի, կենցաղային օգտագորման ազգային իրերի մեծ արտադրություն, կգործեն բրուտանոց, դարբնոց, գեղարվեստական, գործվածքի ու կաշվի մշտական արհեստանոցներ, դպրանոցը կունենա իր հրատարակչությունն ու ժամանակակից տպարանը: Դպրոցի կազմում կգործեն հայ երգի, պարի, գրչության, բառուբանի, ձեռարվեստի ուսումնասիրման ու տարածման կենտրոններ:

Գլաձորի հիմնադիրները հենց սկզբից հրավիրել են աշխատելու ժամանակի ամենապատրաստված ուսուցիչներին: 1279 թ. գարնանը Տարոնի Առաքելոց վանքը ենթարկվում է քրդերի հարձակմանը: Դպրոցի ուսուցչապետ Ներսես Մշեցին իր աշակերտ Եսայի Նչեցու հետ Տարոնից փախչում և ապաստանում է Քաջբերունիքում: Ահա այնտեղից նրանք հրավիրվում են Գլաձոր: Տարոնի ուսուցիչները սիրով են ընդունվում Գլաձորում: Այդ մասին շնորհակալական խոսք է արջանագրել իր հիշատակարաններից մեկում Եսայի Նչեցին: «Մենք մեր աշակերտներով բազում և անթիվ բարի գթություն գտանք սրանից, նրանք մեզ՝ եկվորներիս, հավաքեցին, ընդունեցին ոչ որպես օտարականներին, այլ իբրև իրենց հարազատ ազգակիցների, գութով և սիրով ընդառաջեցին մեզ…»:

Մենք փնտրելու ենք Արատեսի ուսուցիչներին ամբողջ Հայաստանով մեկ, հրավիրելու ենք ամենաօժտվածներին,և շատ կարևոր է, որ Վայոց Ձորի իմաստուն ու հյուրասեր ժողովուրդը բոլորին ընդունի «իբրև իրենց հարազատ ազգակիցների, գութով ու սիրով ընդառաջի բոլորին»:

Գլաձորի համալսարանի սան Ստեփանոս Օրբելյանը «Ողբի սուրբ Կաթուղիկէն» վիպաքնարական քերթվածում պահանջում է վերջ դնել սովորական դարձած ողբանքին («Թողումք զողբանքըս ցաւագին»), չհուսահատվել ամենևին («Յուսահատիլ չէ պարտ բանիւին») և հուսադրում, որ երբևէ գալու է մեր ժողովրդի վերածննդի օրը.

Նա նորոգումըն մեզ Կրկին,
Որ բնաւ չյիշեմք զփառն առաջին:

Թույլ տվեք մինչև վերջ անկեղծ լինել: Այս տարվա մայիսյան մի օր ես իմ գործընկերոջ՝ օժտված ու նվիրյալ դպիր-երաժիշտ Արթուր Շահնազարյանի հետ եղեգնաձորցի Էդուարդ Ասատրյանի ուղեկցությամբ առաջին անգամ եղանք Արատեսում: Եվ «տեղիքն անապատ ու անդորրի մեջ» մեզ կենդանացավ ու նյութեղեն դարձավ Արատեսի «գլուխ-դպրոցացը»: Կլինի, կկենդանանա նորեն Գլաձորը Արատեսի տեսքով: Ո՞վ կլինի այս գործի Պռոշ իշխանը:

Ես համոզված եմ, որ Վայոց Ձորի լուսասեր ժողովուրդը տեր կկանգնի իր գյուղ-դպրատանը: Շրջանը կհիմնի իր կրթասիրաց ֆոնդը: Բարեգործության որքան լայն հնարավորություն՝ շատը ունեցածից, քիչը՝ սրտից: Ինչքա՞ն պիտի մեզ օրորենք մեր պատմությամբ: Ինչո՞ւ չհանդգնենք մեր նորոգված այսօրը ստեղծել: Ինչո՞ւ:

Նյութի աղբյուրը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s