Հաստատված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի
կառավարման խորհրդի 2018թ. մայիսի 22-ի նիստում
ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐԱՏԵՍԻ ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կրթահամալիր) Բնության գրկում դպրոցը՝ Արատեսի դպրական կենտրոնը (այսուհետ՝ դպրական կենտրոն) կրթահամալիրի մասնաճյուղ է:
- Դպրական կենտրոնի ղեկավարին (այսուհետ՝ ղեկավար) կրթահամալիրի տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
- Դպրական կենտրոնը իրավաբանական անձ չէ, չունի առանձին հաշվեկշիռ և բանկային հաշիվ:
- Դպրական կենտրոնը Կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն:
- Դպրական կենտրոնի կանոնադրությունը և դրա փոփոխությունները Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը:
- Դպրական կենտրոնը իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրական կենտրոնի կանոնադրություններով:
- Դպրական կենտրոնի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձորի մարզ, Եղեգիս համայնք:
- Դպրական կենտրոնը կարող է ունենալ չկոդավորված կնիք, ձևաթուղթ և խորհրդանիշ:
- Կարճ անվանումն է` Արատեսի դպրական կենտրոն:
- Դպրական կենտրոնն ունի էլեկտրոնային բլոգ` aratesmskh.wordpress.com, որը գործում է որպես դպրական կենտրոնի պաշտոնական տեղեկատվական օրգան, զանգվածային լրատվական միջոց։
- Դպրական կենտրոնը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կրթահամալիրում սահմանված կարգով կարող է համագործակցել այլ հաստատությունների, այդ թվում՝ օտարերկրյա և կազմակերպությունների հետ:
- ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԱՌԱՐԿԱՆ
- Դպրական կենտրոնի գործունեության առարկան ուսուցիչների հետազոտական, մեթոդական աշխատանքի, հանգստի կազմակերպումն է, նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, արտադպրոցական (նախասիրական, լրացուցիչ) կրթական ծրագրերի իրականացումը:
- Դպրական կենտրոնի գործունեության նպատակներն են`
- ազգային դպրոցի հարուստ ավանդույթների վերածնունդը, առաջավոր կրթական, այդ թվում` կրթահամալիրի հետազոտող մանկավարժների մշակած մոտեցումների տարածումը.
- սովորողների արտադպրոցական կրթության իրականացումը, այդ թվում՝ էկոլոգիական, հայրենագիտական, ռազմամարզական ճամբարների կազմակերպումը.
- նախամասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, այդ թվում՝ համայնքի բնակիչների համար, կրթական ծրագրի կազմակերպումը.
- սովորողների և ուսուցիչների ուսումնական-ստեղծագործական հավաքների կազմակերպումը։
- Դպրական կենտրոնի խնդիրներն են.
- կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրի մշակման, տարածման համար պայմանների ապահովումը.
- հեղինակային կրթական բաց ցանցի ուսուցիչների հանգստի կազմակերպումը.
- սովորողների համար հայրենագիտական, էկոլոգիական բաց ճամբարների կազմակերպումը.
- ավագ դպրոցի սովորողների ռազմա-մարզական բաց ճամբարների կազմակերպումը.
- հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդությունների կազմակերպումը.
- կրթահամալիրի քոլեջի «Վայրի բույսերի վերարտադրություն, հավաքում և մթերում», «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Այգեգործություն» մասնագիտություններով սովորողների համար ուսումնա-արտադրական փորձառության կազմակերպում:
III. ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
- Դպրական կենտրոնի կառուցվածքը Տնօրենի ներկայացմամբ հաստատում է Խորհուրդը: Իր կանոնադրական նպատակները և խնդիրները լուծելու համար դպրական կենտրոնն ունի շինություններ, լաբորատորիաներ, այգիներ, հողամաս:
- Ուսուցչական խմբերը դպրական կենտրոնում աշխատելու թույլտվություն են ստանում Տնօրենի հրամանով:
- Առանձին ուսուցիչը դպրական կենտրոնում կարող է հանգստանալ, աշխատել, եթե կրթահամալիրից, սահմանված կարգով, ձեռք է բերել ուղեգիր:
- «Դպրոց բնության գրկում» ճամբարները կազմակերպվում են Տնօրենի հրամանով:
- Հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդությունները կազմակերպվում են դպրական կենտրոնի ղեկավարի հրամանով:
- Քոլեջի սովորողների փորձառությունը կազմակերպվում է քոլեջի ղեկավարի հրամանով:
- ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
- Դպրական կենտրոնի ընթացիկ ղեկավարումն իրականացնում է ղեկավարը:
- Դպրական կենտրոնը ունի նախաձեռնողների խումբ՝ դպրական կենտրոնի խորհուրդ (այսուհետ՝ խումբ):
- Դպրական կենտրոնի ղեկավարը`
- կազմակերպում և ղեկավարում է դպրական կենտրոնի ընթացիկ գործունեությունը.
- Խորհրդի հաստատմանն է ներկայացնում դպրական կենտրոնի զարգացման ծրագիրը.
- ապահովում է դպրական կենտրոնում աշխատող, հանգստացող ուսուցիչների կենցաղը՝ կիրառելով ինքնասպասարկման տարրերը.
- ընդունում կազմակերպում է սովորողների ճամբարումը՝ կիրառելով ինքնասպասարկման տարրերը.
- մասնակցում է ճամփորդության երթուղու մշակման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում խումբը ապահովում է երթուղին լավ իմացող ուղեկցողով.
- քոլեջի՝ փորձառություն անցնող սովորողների համար ապահովում է աշխատանք.
- անհրաժեշտության դեպքում կազմակերպում է առաջին բժշկական օգնություն.
- ստեղծում է սովորողի և ուսուցչի առողջության, հիգիենայի, սննդի, հանգստի, ֆիզիկական և հոգևոր զարգացման համար անհրաժեշտ պայմաններ.
- վերահսկողություն է իրականացնում դպրական կենտրոնում ինքնասպասարկման աշխատանքների կազմակերպմանը.
- հետևում է պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարմանը և պահպանմանը.
- սահմանված կարգով ներկայացնում է դպրական կենտրոնի գործունեության կիսամյակային, տարեկան հաշվետվությունները.
- օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, Խորհրդի, Տնօրենի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.
- Դպրական կենտրոնի աշխատանքները կազմակերպելու համար Տնօրենին առաջարկություն է ներկայացնում աշխատող ընդունելու մասին.
- կատարում է Տնօրենի հանձնարարություններ.
- ղեկավարի բացակայության դեպքում, Տնօրենի որոշման համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ:
- Խմբի մեջ ընդգրկվում են կրթահամալիրի աշխատակիցներ, Վայոց Ձորի մարզպետարանի, համայնքի ներկայացուցիչներ: Խումբը՝
- քննարկում է դպրական կենտրոնի զարգացման ծրագիրը.
- քննարկում, Տնօրենի հաստատման է ներկայացնում դպրական կենտրոնի գործունեության տարեկան ծրագիրը.
- ապահովում է կապը համայնքի ղեկավարի, Վայոց ձորի մարզպետարանի հետ.
- հաստատում է ուղեգրի ձևը և գինը.
- վերահսկում է դպրական կենտրոնի գործունեությունը:
- ԴՊՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
- Դպրական կենտրոնը տեղավորված է ՀՀ կառավարության կողմից Կրթահամալիրին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողատարածքում՝ Եղեգիս համայնքի Հերմոն բնակավայրի հողերից (նախկին Եղեգնաձորի շրջանի Կզլգյուլ գյուղի հողերից):
- Տնօրենը կրթահամալիրին օգտագործման հանձնված և կրթահամալիրի սեփականություն հանդիսացող գույքից ամեն տարի դպրական կենտրոնին հատկացնում է գույք, միջոցներ:
- Դպրական կենտրոնի ղեկավարը պատասխանատու է դպրական կենտրոնին հանձնված տարածքների, գույքի, սարքերի նպատակային օգտագործման և պահպանման համար:
- Դպրական կենտրոնի ֆինանսական միջոցները գոյանում են պետական հատկացումներից, ուղեգրերի արժեքներից, ծնողական վճարներից, քոլեջի ուսումնական պլանով որոշված փորձառության համար նախատեսված գումարներից, նվիրատվություններից, առանձին անհատների, կազմակերպությունների ներդրումներից:
- Դպրական կենտրոնի ֆինանսական հաշվառումը կատարում է կրթահամալիրի հաշվապահությունը: