Այս օրերին, երեկվա օրը՝ գագաթ, ամենաշատ գործածվող բառերից է «շնորհակալ եմ»-ը: Հերթապահ չէ, իմ օրերի վիճակի գոհության արտահայտիչն է, այո՛, գոհանում եմ ես 2018-2019-ի սեպտեմբերյան մեր սկիզբով՝ կյանքի-աշխատանքի, որ ուսումնական-համայնքային է իր բովանդակությամբ ու կազմակերպմամբ, և երկա՜ր-հատու մի բառով ես ասում եմ՝ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, սեբաստացի-ոչ սեբաստացի, ծանոթ-անծանոթ, ով մասնակից է գոհության այս վիճակի ստեղծմանը: Սա է իմ նվերը, իմ վարձքը…
Լավագույն սեպտեմբերի չորս ունեցա. ծննդյան օրվա այսպիսի թեթևություն անհիշելի ժամանակներից չեմ ունեցել։ Երկու բառով՝ ուրախ և միասին, ողջ օրը… Շնորհակալ եմ: Եվ դեռ այսօր կշարունակվի, իմը որ օր չէ, չորս ու հինգ է, ամսվա ընթացքի համար ամբարում ունի, թող լինի ամեն օր ուրախ և միասին, ու ամեն Աստծո առավոտ պահի այս գոհությամբ, «շնորհակալ եմ» խոսքով, ողջագուրումով, երախտագիտությամբ, հիշողություններով, նկարներով, ֆիլմերով… Նոր ուսապարկիս մեջ անգամ չի տեղավորվի… Սուսան Մարկոսյանը սրանցից առանձնացնում է Վահե Հովհաննիսյանի՝ իմ քաղաքական համախոհի, սկսած 1994-ից, 1998-ին, երբ ՀՀ նախագահի թեկնածու էի ես, հիմա, երբ իմ փեսա ընկերն է, Արաքսիկի-Սոնուլիկի հայրիկը, Լիլիթ Բլեյանի ընտրյալը, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավարի «101-րդ օրվա անելիքը. մաս 2. Թույլ չտալ պատերազմ» հրապարակումը…
Արևմտյան դպրոցի չորրորդ դասարանցիներ:
Լուսանկարները՝ Սոնա Փափազյանի:
Ստեփան Բլեյանի՝ բանաստեղծ-մտածող եղբորս երեկվա խոսքը, որ իմ հարազատների պահանջով կարդալուց սեղանի շուրջ ընտանեկան իրիկնային հավաքի, արձագանքն է սիրելի Ռուբինա Նազարյանի «Կյանքիս հուշերից» ժողովածուի, որ տե՛ս, ճանապարհ կտրեց-հասավ ինձ՝ իր ցանկությամբ-մակագրությամբ այսպիսի. «Կյանքիս ճանապարհին հանդիպած ամենապայծառ մարդկանցից մեկին՝ Աշոտ Բլեյանին՝ անմոռաց հուշերով և երախտագիտությամբ»… Ստեփանի համար էս մարդկանցից մեկը լինելը քիչ է, այստեղից և իր ընթերցումը երեկվա: Շնորհակալ եմ, Ռուբինա ջան: Նազենի աստղ Հովհաննիսյան քույրիկս և անբաժան Սոֆի Մխեյանը, որտեղից-որտեղ որպես նվեր հասան ընդհանուր քեռու-ընկերոջ ծննդյան հավաքին… Լեցո՜ւր, լեցո՜ւր, լեցո՜ւր… Շնորհակալ եմ:
Երեկ ես աշխատանքային հանդիպում կազմակերպեցի Արատեսի դպրական կենտրոնի՝ բնության գրկում մեր դպրոց-մասնաճյուղի 2018-2019 ուստարվա սեպտեմբերի 7-9-ի սկզբի առիթով… Վստահ կարող եմ ասել, որ սեբաստացիների, Վայոց ձորի մեր գործընկերների արշավախումբը Արատես կմտնի Եղեգիսի Արտաբույնքով, Ցախաց քար-Սմբատաբերդ-Ալայազ-Եղեգիսով, Հերմոնի վանքով… Սեպտեմբերի 14-17-ի ստեղծագործական հավաքին մենք Արատես կարշավենք Եղեգնաձորի Վերնաշենի ձորով, Սպիտակավորով կանցնենք Ալայազ-Եղեգիս-Հերմոնով…
Արևմտյան դպրոցի առաջին դասարանցիներ:
Լուսանկարները՝ Արմինե Գյոնջյանի:
Ավելի ուշադիր ոչ միայն հետևեք, այլև մասնակցեք մեր-ձեր դպրական բաց, շուրջտարյա կենտրոնի առայժմ երկլեզու՝ հայերեն-անգլերեն կայքին, որ բաց չթողեք Արատեսի դպրոցի անցուդարձը… Հետո չասեք, թե մենք քնած… Մենք ունենք պայմանավորվածություն՝ ՀՀ հարգելի նախագահ Արմեն Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ նախարարներ Սուրեն Պապիկյանի, Արայիկ Հարությունյանի, Էրիկ Գրիգորյանի հետ, իրենց հարմար հավաքներից մեկին մասնակցելու, Եղեգիսի կիրճով Արատեսում հայտնվելու… վստահությամբ, որ Արատեսը կօգնի յուրաքանչյուրիս՝ նախկինում ադրբեջանաբնակ հատվածին կիրճի՝ Եղեգիս (Ալայազ), Վարդահովիտ (Գյուլիդուզ), Գողթանիկ (Կաբախլու), Հերմոն (Ղավուշուղ), իր այսօրվա հոգսերով-կարիքներով-խնդիրներով ծանոթանալու, Եղեգիսի կիրճի այս զարմանալի տարածքի վերածնունդը միասին ստեղծելու… Շնորհակալ եմ այսպիսի հագեցած-օրացուցային-նախագծային ուսումնական տարվա համար Վայոց ձորում, Եղեգիսում:
Վստահ եմ, որ Արատեսի վանքի հարթակում սեպտեմբերի 8-ի ստեղծագործական հավաքը, վանական համալիրի վերականգնողական նախագծի ներկայացումը հեղինակ ճարտարապետներ Սամվել Այվազյանի և Բադիշյանի կողմից, պարատունը վանքի նորաստեղծ հարավային հարթակում, վանքում իրիկնային երգեցողության ղողանջները մեր հայրենիքով, աշխարհով մեկ կլինեն որպես վանական համալիրի՝ Արատեսի դպրական կենտրոնի նախագծային հոգևոր կենտրոնի վերականգնման աշխատանքների խորհրդավոր, բայց վճռական ու հաստատակամ սկիզբ:
Նոր միջավայր, նոր գույներ:
Լուսանկարները՝ Զառա Ոսկանյանի:
Վստահ եմ, որ սեպտեմբերի 9-ին Արատեսում կլոր սեղանը՝ Եղեգիսի դպրոցների ղեկավարների, մարզի կրթության, մշակույթի պատասխանատուների մասնակցությամբ, մեր՝ սեբաստացիներիս, պետական աջակցությամբ ու պատվերով իրականացվող ծրագրով «Ուսումնական Վայոց ձոր» և «Կրթության կազմակերպումը Եղեգիսի խոշորացված համայնքում» նախագծերի ներկայացումը, հերթական փուլերը կորոշեն համատեղ աշխատանքը: Շնորհակալ եմ:
Տիար Բլեյանի այսօրվա գրից