Արատեսի դպրական կենտրոնում իրականացվող ճամբարային նախագծերի բաղկացուցիչներ

DSCN9760

Արատեսի դպրական կենտրոնում շուրջտարյա ճամբարների մեկնարկը տրված է: Դպրական կենտրոնում տեղի են ունեցել ուսումնական, հայրենագիտական, բնապահպանական, ստեղծագործական, ռազմամարզական և այլ բնույթի ճամբարաներ, որոնց ցանկը գնալով կբազմապատկվի: Ճամբարներին մասնակցել  են ինչպես կրթահամալիրի տարբեր դպրոցների տարատարիք սովորողներ, այնպես էլ Եղեգիս խոշորացված համայնքի և այլ դպրոցների աշակերտներ:

Չնայած այն հանգամանքին, որ դպրական կենտրոնում դեռ շարունակվում են վերականգնման և մաքրման աշխատանքները՝ ճամբարները ընթացքի մեջ են: Յուրաքանչյուր ուրբաթ իրենց  յուրահատուկ նախագծերով Արատես են մեկնում տարատարիք սովորողների խմբեր, որոնց անդամները նույնպես մասնակցում են աշխատանքներին:

Արատեսի դպրական կենտրոնում իրականացվող ճամբարային նախագծերի բաղկացուցիչներ։

  • Կոնկրետ նախագիծ։ Ճամբարը կարող է մի գլխավոր ուղղություն ունենալ. ըստ այդ բովանդակության՝ կձևավորվի մասնակիցների կազմը։
    Կարող են միավորվել նաև տարբեր նախագծեր իրականացնող ենթախմբեր։ Նախագիծը կամ նախագծերը սահմանված կարգով պետք է հրապարակված լինեն։
  • Պարտադիր աշխատանքային բաղադրիչ։ Սովորողների յուրաքանչյուր խումբ պետք է նաև դպրական կենտրոնի ամբողջացման համար ինչ-որ գործ կատարի, օրինակ՝ որևէ հարթակի կառուցում, բարեկարգում, կացարանի, պատի նկարազադրում, փայտանյութի դասավորում, ինչ-որ ձևավորման առաջարկություն: Դրա համար խումբը պետք է իր տեխնոլոգ-պատասխանատուն ունենա, որը տեղեկացված է՝ ինչ նախագծով ինչ է արված, ինչպես պետք է շարունակել։
  • Մարզումներ, տաք եղանակին լող Արատես գետում։ Խումբը պետք է իր մարզիկ-պատասխանատուն ունենա։
  • Քայլարշավ դպրական կենտրոնի տարածքում, բարձունքի նվաճում: Խումբը պետք է իր հայրենագետ-պատասխանատուն ունենա, որ եղել է Արատեսում, անցել է երթուղիներով, գիտի՝ ուր կարելի է տանել, ինչ ցույց տալ, ինչպես վերադառնալ։
  • Միրգ, հատապտուղ, դեղաբույսեր հավաքել: Խումբը ունենա իր բուսաբան-պատասխանատուն։
  • Խմբին նախագծով միացած եղեգիսցի-վայոցձորցի սովորողների երգուսուցում-պարուսուցում իրականացնի, կազմակերպի առավոտյան, երեկոյան ժամերգություն Արատեսում, խարույկի, վառարանի մոտ երգի տոն անի։ Խումբը պետք է իր երաժիշտ-պատասխանատուն ունենա, որը կգա իր երաժշտական գործիքով (գործիքներով)։
  • Սննդի կազմակերպումը դպրական կենտրոնում։ Ճամբարը գործում է ամբողջական ինքնասպասարկման ռեժիմով. ճաշը պատրաստում են սովորողները։ Ամեն մեկը վերցնում է սնվելու համար իրեն անհրաժեշտ սննդի չափաբաժինը, ուտելուց հետո լվանում իր սպասքը: Սննդի մի մասը բերվում է Երևանից, գյուղմթերքը գնվում է Եղեգիսի կիրճի գյուղերի բնակիչներից, խանութներից: Ավելացող չփչացող սնունդը մնում է դպրական կենտրոնում՝ հաջորդ հերթափոխի համար սառնարանների մեջ:
  • Ճամբարական սովորողները, դասավանդողները պետք է ունենան անձնական քնապարկ, տաք հագուստ, լողալու պարագաներ, անհատական սպասք հիգիենայի պարագաներ:
  • Արատեսի դպրական կենտրոն մեկնող, այնտեղ ճամբարային կյանքով ապրող յուրաքանչյուր անձ պետք է բացահայտած լինի Վայոց Ձորի մարզի բնության, պատմության հրաշքների գոնե մի մասը, բարձրացած լինի մի քանի բարձունք, հոգևոր երգեր երգի-լսի մի քանի եկեղեցում:
  • Յուրաքանչյուր խումբ պետք է ներառի նաև լուսաբանումն ու ֆոտոնկարահանումն ապահովող մասնակից։ Անհրաժեշտ է, որ նշված մասնակիցն օպերատիվ կերպով համագործակցի նաև կրթահամալիրի լրատվության բաժնի ղեկավար Արուսյակ Հոխիկյանի հետ’ կազմակերպումների վերաբերյալ լուսաբանումն ապահովելու համար։

Արատեսի դպրական կենտրոնում 2018թ. սեպտեմբերից 2019-ի մայիսը կգործեն եռօրյա, հնգօրյա ճամբարներ, տարաբնույթ հավաքներ, որոնց կմասնակցեն կրթահամալիրի, Եղեգիսի կիրճի, Վայոց Ձորի դպրոցների խմբերը, հայաստանյան, արցախյան, վրաստանյան կրթահամալիրի գործընկեր խմբեր։

2019 թվականի հունիսի 1-ից Արատեսի դպրական կենտրոնում ճամբարը կդառնա մշտական, բաց յուրաքանչյուր հայաստանցու համար, մատչելի: Ճամբարին մասնակցելու ցանկություն հայտնող յուրաքանչյուր ոք կդիմի նույն պայմաններով, ինչ կրթահամալիրի սովորողը: Կրթահամալիրն իր վրա է վերցնում հոգսը, իսկ շահը ՀՀ ԿԳ նախարարության պատվերով մշակվող, կազմակերպվող այլընտրանքային մանկավարժության տարածումն է. ճամբարը դառնում է մանկավարժների, սովորողների շփման, փորձի փոխանակման լավ հարթակ: Արատեսում կլինեն նաև հայրենագիտական, ազգագրական ուսումնասիրություններ տարածաշրջանի սովորողների հետ, տարածքի եկեղեցիների, քարերի ու քարափների, գետերի ուսումնասիրություն։ Հավաքված նյութերը կհրապարակվեն դպրական կենտրոնի և կրթահամալիրի կայքէջերում:

 

Оставьте комментарий